«Ոչ սպիտակ եղեռնին», «Ջավախքը մեր հայրենիքն է», «Մի՞թե դուք քրիստոնյա չեք» ցուցապաստառներով Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, տարբեր երիտասարդական կազմակերպությունների անդամների հետ համատեղ, Հանրապետության հրապարակից բողոքի երթով շարժվեցին դեպի Հայաստանում Վրաստանի դեսպանատուն: Հազարից ավելի ցուցարարներին ուղեկցում էին մի քանի տասնյակ ոստիկաններ: Որեւէ միջադեպ չարձանագրվեց:
Վրաստանի դեսպանատան առաջ ակցիայի մասնակիցները իրենց ձայն էին բարձրացրին Թբիլիսի 1356թ. կառուցված Մուղնեցվոց Սուրբ Գեւորգ Եկեղեցու փլուզման առթիվ:
Նրանք մեկ ժամ կանգնեցին դեսպանատան առաջ, վանկարկեցին «Վերադարձրեք մեզ մեր եկեղեցիները», «Ամոթ» եւ այլն:
«Մեր պահանջն է. Վրաց իշխանություններից եւ վրաց եկեղեցուց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները եւ հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները»,-ասված է Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին ուղղված նամակում:
«Մեր պահանջը բնական է եւ պարզապես մեր իրավունքների պահանջատերն ենք մենք: Այն, ինչ որ մերն է, հայկական եկեղեցուն է պատկանում, պահանջում ենք, որ վրաց պետությունը ընդունի եւ ճանաչի մեր իրավունքները: Մեր եկեղեցիները ենթարկված են անտարբերության, որի արդյունքում քանդվեց մեր միակ եկեղեցին, որը պատմական կոթող էր եւ հոգեւոր, եւ մշակութային: Սա գուցե եւ որպես օրինակ տարածվում էր բոլոր հայ առաքելական եկեղեցիների վրա, որոնք գտնվում են Վրաստանում: .Մտավախությունը կա, որ նույն ճակատագրին չարժանանա բոլոր եկեղեցիները»,- «Ա1+»-ին ասաց ցույցի մասնակից Տեր Եսայի քահանա Արտեմյանը:
Ցուցարարներից մի քանիսին ընդունեց Վրաստանի դեսպանը: Նա խոստացել է նրանց նամակը ուղարկել Վրաստանի համապատասխան բարձրագույն իշխանությանը, ասել է, թե տեղյակ է եկեղեցու փլուզմանը եւ ունեն պայմանավորվածություններ Մշակույթի նախարարության հետ հաջորդ տարվա սկզբին համատեղ ուժերով վերականգնելու հայկական եկեղեցին:
Երիտասարդները հեռացան Վրաստանի դեսպանատնից` խոստանալով, որ իրենց ակցիաները շարունակական կլինեն այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը իրականության դառնա:

