Արզումանյանը ամաչում է Սարգսյանի փոխարեն

14:59 | Հոկտեմբեր 08, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

           Սահմանադրությամբ թույլատրված բողոքի ցանկացած գործողություններ պետք է կիրառվեն, որպեսզի Հայաստանի ազգային շահերին հակասող որևէ փաստաթուղթ ուժի մեջ չդրվի:  

Այս կարծիքին է Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը' անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրած արձանագրությունների հավանական վավերացմանը:       

            Նա ցավով անդրադարձավ Սփյուռքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնք փորձում էին բռնի ուժով կասեցնել: «Ես ամաչում եմ, որ ՀՀ նախագահը այցելում է օտար երկիր եւ այդ երկրի բանակն ու ոստիկանությունը նրան պաշտպանում է իր հայրենակիցներից: Նման ամոթալի, խայտառակ իրավիճակ ես չեմ կարողանում հիշել»,- ընդգծեց նա:

            Կողմ լինելով նման բողոքի ակցիաներին' նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ տարբեր երկրների հայկական համայնքներ, այնուամենայնիվ, անսկզբունքայնություն ցուցաբերեցին եւ «որեւէ խոսք չասացին այն այլանդակությունների մասին, որոնք տեղի ունեցան 2008թ. մարտի 1-ին»:

«Ավելի ցավալի ու վիրավորական էր, որ մարտի 1-ի արյան գնով իշխանության եկած նախագահին ողջունելով' մի շարք սփյուռքյան կառույցներ մատ էին թափ տալիս Ադրբեջանի ոչ լեգիտիմ իշխանության վրա: Նույն հայտարարությունների մեջ այս կրկնակի ստանդարտը, անսկզբունքայնությունը անընդունելի էր»,- ավելացրեց Ալեքսանդր Արզումանյանը:

            Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ իրականացվող մարզային հանդիպումներն ու քննարկումները նա նմանեցրեց ԽՍՀՄ ժամանակաշրջանի հետ, երբ օրինակ' 1977թ. նոր Սահմանադրության ընդունման ժամանակ հավաքում էին ակտիվիստներին ու միահամուռ ընդունում այն: «Սա իմիտացիոն գործընթաց է , որ հատուկ է բռնատիրական ռեժիմին' ԽՍՀՄ-ին, Իրաքին, որտեղ 100 տոկոսով նախագահ ընտրեցին, ՀՀ-ին, որտեղ կեղծում են ընտրություններ, կեղծում այն քանակով, որքան կարող էին մարսել»,- նշեց նա: 

            Ըստ նրա' եթե Սերժ Սարգսյանը չստորագրի արձանագրությունները, ապա նա ընդամենը կվճարի «իր աթոռի գինը, որը ձեռք է բերվել արյան գնով»:

Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, ապա ըստ նրա' դա անհրաժեշտ է, թե Հայաստանի, թե Թուրքիայի համար: «Այլ հարց է, թե այդ սահմանն ինչ նախապայմանով է բացվում: Այստեղ է, որ ես ունեմ մտահոգություններ: Այսինքն' սահման բացելու համար դիվանագիտական հարաբերությունների հաստատումը   կամ երկկողմ հարաբերությունների բարելավումը, պայմանավորումը անհասկանալի է ու անընդունելի»,- կարծում է նա:

 

Արխիվ
Rambler's Top100