Պահանջեց բացահայտել կազմակերպիչներին

14:26 | Հոկտեմբեր 27, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանի տարածքում այսօր անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին իրականացվում: Լրագրողների եւ հյուրերի մուտքը ԱԺ բակ խիստ բարդացված էր. հոկտեմբերի 27-ի հուշաքարի մոտ տանող ուղիղ արահետը փակել էին անվտանգության ծառայության աշխատակիցները, իսկ միջոցառման մասնակիցները ստիպված էին հուշաքարի մոտ հասնել ԱԺ-ի շենքի միջով, շենքը շրջանցելով, ընդորում նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ Սերժ Սարգսյանի շարասյունը չէր մոտեցել ԱԺ-ի շենքին: Ի դեպ, պատգամավորներից մեկը, տեսնելով աննախադեպ անվտանգության միջոցառումներն, իր գործընկերոջը շշնջաց. «Բա ամենավտանգավոր տեղը էս ա, կյանքը ցույց ա տվել»:

Խորհրդարանի բակը մարդաշատ էր ինչպես երբեք: Այստեղ էին ոչ միայն օրենսդիրները, խորհրդարանի աշխատակիցները, այլեւ գործադիրը գրեթե ողջ կազմով' վարչապետի գլխավորությամբ, ՀՀ գլխավոր դատախազը, ՍԴ Նախագահը, անվտանգության խորհրդի ողջ կազմը: Սերժ Սարգսյանը ԱԺ բակ ժամանեց Եռաբլուրից' Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Նրանք  անցան հոկտեմբերի 27-ի զոհվածների հարազատների կողքով, նույնիսկ չմոտեցան ու չցավակցեցին նրանց:

Իսկ ներկա էին 10 տարի առաջ ահաբեկչության զոհ դարձած բոլոր պետական այրերի հարազատները:

Միջոցառման բացման խոսքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Կորուստն անդառնալի է, վերքն անբուժելի է: Անցած տարիները չեն մեղմել բոլորիս ցավն ու ափսոսանքը»:

ԱԺ նախագահը ներկայացրեց նաեւ խորհրդարանի բակում տեղադրված արձանի իմաստը. «Երվանդ Քոչարի ստեղծագործությունը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ, հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական գործիչների անցած ուղին»:

Հովիկ Աբրահամյանն իր կարճ ելույթն ավարտեց Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 10-ի ուղերձից' կայուն եւ ամուր պետականություն ունենալու վերաբերյալ մեջբերումներ անելով:

Ապա ամբիոնի մոտ հրավիրեց Կարեն Դեմիրճյանի կնոջը' Ռիմա Դեմիրճյանին. Վերջինս շնորհակալություն հայտնեց ԱԺ-ի նոր իշխանությունից, ընդգծելով, որ այս քայլը պետք է աներ նախորդ իշխանությունը, բայց չարեց եւ արձանի տեղադրումը հնարավոր եղավ միայն այսօր:  

 «Արձանը ճիշտ է ընտրված նրբորեն եւ մտածված: Քոչարը ականատես չի եղել այս ողբերգությանը, չի նվիրել այս արձանը հատուկ  զոհվածներին, սակայն նա պարունակում է իր մեջ այնքան ամփոփված վիշտ, խորը ցավ, կորուստ, որ ճիշտ տեղին է օգտագործվել»,-ասաց  Ռիմա Դեմիրճյանը:

Նա իր խոսքում անդրադարձավ նաեւ 27-ի ոճրագործության բացահայտման անհրաժեշտությանը. «Շատ հարցեր մնացին չբացահայտված, չավարտված եւ դրանք թողնելը ապագա սերունդներին սխալ է, պետք է մինչեւ վերջ բացահայտվի, այդ ոճրագործությունը, այդ անմարդկային կերպարները, որ կազմակերպել են  ոճրագործությունը. դա պետք չի զոհվածներին, դա պետք չի այնքան նաեւ մեզ, որովհետեւ դա վրեժի եւ արնախումության հարց չէ, դե մեր երկրի հարցն է, մեր ժողովրդի, մեր ապագայի, մեր սերունդների, եւ դրա չբացահայտումը մեզ շատ է խանգարում»:

Ռիմա Դեմիրճյանը հայտարարեց, որ «թող կազմակերպիչներն էլ իմանան, որ զոհված պետական այրերի հիշատակը նսեմացնելու բոլոր փորձերը անիմաստ են, որովհետեւ ինչպես իմաստավորված էր այդ գործիչների կյանքը նույնքան իմաստավորված էր նրանց մահը»: Նրանք իրենց կյանքը տվել են պետության ու պետականության կայացման եւ ամրապնդման գործին: 

Իսկ ոճրագործության կազմակերպիչների բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ տիկին Դեմիրճյանն ասաց. «Սա ընդունեք իբրեւ զոհված պետական գործիչների հարազատների թե խնդրանքը, թե պահանջը, թե պատմության ու ժամանակի օբյեկտիվ հրամայականը»:

Ռիմա Դեմիրճյանի ելույթին Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը եւ մյուսները հետեւում էին գլխիկոր:

 Ելույթից հետո տիկին Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանի մայրը' Գրետա Սարգսյանը, բացեցին հուշարձանը, որն, ի դեպ, տեղադրված է նախկինում դրված հուշաքարի տեղում: Այլեւս ոչ ոք ոչինչ չասաց. բոլորը լուռ ծաղիկներ դրեցին հուշարձանին եւ հեռացան:

Share |
Rambler's Top100