Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր որոշեց, որ մեղադրող Կորյուն Փիլոյանը չպետք է հեռացվի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունից:
Դատավոր Մարտիրոսյանը 2 եւ կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո' մերժեց Փիլոյանի ինքնաբացարկի մասին միջնորդությունը եւ կողմերին բացատրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ըստ էության' դատավարությունը սկսվեց:
Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը այսօր մանրամասն ներկայացրեց եւ հիմնավորեց, որ Փաշինյանին առաջադրված երկու' Քր. Օր 225 եւ 316 հոդվածներով հանցակազմը բացակայում է: Փաստաբանը գտնում է, որ 2008թ. Մարտի 1-ին ընդհանրապես զանգվածային անկարգություններ չեն եղել. «Զանգվածային անկարգությունների բացակայության պայմաններում ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ էլ որեւէ մեկը չէր կարող լինել այդ անկարգությունների կազմակերպիչը: Եթե Փաշինյանին մեղադրանք են առաջադրել 225 հոդվածի առաջին մասով, ապա այն պետք է հիմնավորվի փաստերով եւ ոչ թե ընդհանրական լինի»:
Խոսելով Քր. Օր. 316 հոդվածի մասին' փաստաբանը նշեց, որ «Այդ հոդվածի կիրառման հիմքը ՀՀ-ում դրվեց 2007թ. հոկտեմբերին: Այս հոդվածը առաջադրում են ոստիկաններից տուժածներին' ոստիկաններին պատասխանատվությունից ազատելու համար»:
Ընդգծելով, որ առաջադրված մեղադրանքներն ապացուցող որեւէ հիմք չկա' Երվանդ Վարոսյանը դատավոր Մարտիրոսյանից պահանջեց կարճել Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Դատավոր Մարտիրոսյանը փաստաբանի միջնորդությունը համարեց ժամանակավրեպ եւ թողեց առանց քննարկման:
Փաշինյանի փաստաբանները դատավորից 10 րոպե ժամանակ խնդրեցին' իրենց հետագա քայլերի մասին խորհրդակցելու համար: Թեեւ Մնացական Մարտիրոսյանը ընդմիջում հայտարարեց, սակայն Փաշինյանին թույլ չտվեց խորհրդակցել իր պաշտպանների հետ: Ընդմիջումից հետո դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ վաղը' ժամը 12.00-ն: Հիշեցնենք, որ Փաշինյանի փաստաբանները հայտարարել էին, որ քրեակատարողական հիմնարկում իրենց պաշտպանյալի հետ չեն կարողանում աշխատել, քանի որ ամեն ինչ ձայնագրվում է եւ հնարավոր չէ գաղտնիությունը պահպանել:
Ի դեպ, այսօր Փաշինյանի դատավարության ընթացքում դատարանի բակում հավաքվածներին միացել էին Կոնգրեսի երիտասարդները եւ Փաշինյանի խոսքերով գրված երգերն էին երգում:

