Այսօր, տեղական ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում Փարիզի Կանադայի հրապարակում պետք է տեղի ունենար Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակ դնելու արարողություն: Ըստ նախապես հայտարարված օրակարգի` ծաղկեպսակը պետք է դներ Սերժ Սարգսյանը:
Սակայն բոլորի համար անակնկալ` այնտեղ հավաքված է եղել հայկական համայնքի մի ստվար զանգված եւ տեղի է ունեցել, տեղացիների բնութագրմամբ, «խիստ ագրեսիվ» հանրահավաք: Ըստ ֆրանսահայ մամուլի` 500-ից ավելի ֆրանսահայեր ներկայացրել են իրենց դժգոհությունը Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համար:
Ցուցարարները անընդհատ բացականչել են ՈՉ, ՈՉ` պահանջելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը լինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Բացի այդ սուլել ու վանկարկել են Սարգսյանի հասցեին: Նույնիսկ, ինչպես հաղորդում է The Associated Press -ը, Կանադայի հրապարակում հավաքված ցուցարարները նրան անվանել են դավաճան:
Պիկետը կազմակերպված չի եղել. ոչ ոք, այդ թվում` հայ համայնքի ներկայացուցիչները, պատասխանատուները, Փարիզի ոստիկանությունը տեղյակ չի եղել ծրագրվող ակցիայի մասին:
Այս բողոքի ակցիայից խիստ անակնկալի եկած` Ֆրանսիայում հյուրընկալվող Հայաստանի նախագահը փոխել է ծրագիրը:
Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակը դրվել է առանց նրա մասնակցության, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը ավտոմեքենայով մոտեցել, երկու րոպեով իջել ուղղել է ժապավենը եւ արագ հեռացել:
Իսկ ֆրանսիական ոստիականական հատուկ ջոկատայինները հրմշտելով եւ հարվածելով հետ են մղել ցուցարարներին:
Ականատեսների պատմելով` ոստիկանների թիվն ավելի մեծ է եղել: Կան բազմաթիվ ծեծվածներ, ձերբակալվածներ, անգամ` վիրավորվածներ:
Այս պահին պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ: Ֆրանսիայում բնակվող հայազգի գործիչները հեռախոսով հաղորդում են, որ հանդիպման համար ընտրվել են հայ-թուրքական դիվանագիտության առումով ՀՀ նախագահից առանձնապես չդժգոհող կամ դրանով առանձնապես չհետաքրքրվող դեմքեր:Ավելի վաղ նա հանդիպում է ունեցել մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրի հետ:
Ավելի ուշ` Երեւանի ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում, Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում, ըստ Փարիզում Հայաստանի դեսպանության, նախագահը պատասխանելու է առավելագույնը չորս հարցի:
Տեսանյութը` Երկիր Մեդիայի
Ավելի մանրամասն կարող եք դիտել այստեղ` http://www.hairenik.com/HairenikTV/HA_TV_Clip091002_01.htm

