«Ես Գյորգյուլուն չեմ»

19:46 | Հոկտեմբեր 16, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Արարատ» կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի: Այդ մասին «Ա1+»-ին ասաց «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Ինչ վերաբերվում է դատական նիստի օրվան եւ վայրին, ապա դատարանը այդ մասին լրացուցիչ կծանուցի:

Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան' պահանջելով «Կովկասի ինստիտուտին» պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել «Ցեղասպանություն» բառի չակերտավոր կիրառումը, ինչպես  նաեւ պահանջել վնասի փոխհատուցում: Այսինքն' ըստ Արմեն Այվազյանի' «Կովկասի ինստիտուտ»-ը 2008թ.-ին Երեւանում հրատարակել է «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը, որտեղ ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաեւ թուրք Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. Հավերժական փակու՞ղի» հոդվածը, որում հոդվածագիրը հերքում է հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, նա գտնում է, որ գրքի խմբագիր Ալեքսանդր Իսկանդարյանը եւս հերքում է այդ փաստը:

«Կովկասի ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը զարմացած է, թե ինչու են իրեն մեղադրում ցեղասպանության ուրացման մեջ: Այն, որ Արմեն Այվազյանը իրեն դատի է տվել, նա նորմալ է համարում, քանի որ նրա սահմանադրական իրավունքն է, սակայն ինչ վերաբերվում է հայցի բուն էությանը, ապա դրանում չի տեսնում  որեւէ փաստարկ.«Թվում է կա խնդիր գիտության բուն էությունը հասկանալու մեջ: Մեծ հաշվով, թյուրիմացություն է»,- «Ա1+»-ին ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ավելին, նա հայտնեց նաեւ իր տեսակետը ցեղասպանության վերաբերյալ. «Ցեղասպանությունը փաստ է: Այն ժխտելը նույնն է, ինչ ժխտել ձգողության ուժը: Ինչպես կարող ենք ժխտել, որ երբեւէ ապրել է Թալիթ փաշան: Այլ թեմա է, թե ինչ է ժխտել Գյորգյուլուն իր հոդվածում, բայց ես այլ մարդ եմ: Գրքում նշված է, որ այն, ինչ մտածում եւ գրում է Գյորգյուլուն, դրա համար պատասխանատվություն կրում է միայն նա»:

 

 

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100