Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպելու են հոկտեմբերի 8-ին՝ Քիշնեւում: Այս մասին այսօր տեղեկացրել են Երեւանում գտնվող Մինսկի խմբի համանախագահները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն արդեն հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին առնչվող առանցքային չկարգավորված հարցերը: Առայժմ այդ հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա:
Հոկտեմբերի 2-ից 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ստեփանակերտ, ապա հոկտեմբերի 4-ից 6-ը' Բաքու:
Ի դեպ, համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվում է.«Համանախագահները ցանկանում են նաեւ վերահաստատել իրենց կառավարություններից յուրաքանչյուրի արտահայտած դիրքորոշումը, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները առանձին գործընթաց են եւ պետք է առաջ շարժվել սեփական տրամաբանությամբ, առանց նախապայմանների, առանց որեւէ առնչումների, խելամիտ ժամկետներում եւ առանց որեւէ պարտադրված արագացման կամ ձգձգման»:

