«Լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ կարդալ եւ ոչինչ չհասկանալ»,- այսօր հայտարարեց մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ հայտնեց, որ հանձնաժողովն այսօր նման հնարավորություն կունենա: Խոսքը Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի սպանության մասին է: Աբգարյանի բաճկոնը նախաքննության մարմինը' ՀՔԾ-ն, այսօր ներկայացրեց Աժ ժամանակավոր հանձնաժողով:
Հայաստանի փորձագիտական կենտրոնի փորձագետ Կարեն Աբրահամյանը եւ ՀՔԾ -ի քննիչ Բագրատ Ադամյանն, այսօր պատասխանելով հանձնաժողովականների հարցերին,որեւէ նոր բան չհայտնեցին: Փորձագետ Աբրահամյանը նշեց, որ Տիգրան Աբգարյանի բաճկոնի վրա' օձիքի շրջանում մեկ կրակոցի ելքի վնասվածք է, եւ փորձաքննությունը չի կարող պարզել, թե կրակոցը ինչ զենքից է եղել, ինչ հեռավորությունից: Նա նույնիսկ չհաստատեց, եւ չհերքեց, թե ներկայացված բաճկոնը Տիգրան Աբգարյանին է, թե՞ ոչ: Փորձագետը նշեց, որ իրենց ներկայացրել են այս բաճկոնը եւ հայտնել, որ այն Տիգրան Աբգարյանինն է: Փորձագետը նաեւ ցույց տվեց, որ օձիքի վրայի մորթին կարող է հանվել, սակայն նա նշեց, որ կրակոցի ժամանակ երբ օձիքը ծալված է եղել, գնդակը մի քանի տեղ է վնասել, նոր դուրս եկել:
Պատասխանելով Գուրգեն Արսենյանի հարցին' փորձագետը նշեց, որ բացի այսօր ներկայացված բաճկոնից' Տիգրան Աբգարյանի հագուստներից որեւէ բան չի ներկայացվել փորձաքննության: Փորձագետի բացատրությունները բավարարեց հանձնաժողովի ոչ բոլոր անդամներին: Արամ Կարապետյանը «Ա1+»-ին նշեց, որ մարտի 1-ի դեպքերով նշանակված փորձաքննությունները 99 տոկոսով ոչինչ չեն տալիս:
Հիշեցնենք, որ Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները Աժ ժամանակավոր հանձնաժողովի քննարկման առարկա դարձավ Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցից հետո:
Աժ ժամանակավոր հանձնաժողովը մինչեւ սեպտեմբերի 15-ը պետք է վերջնական զեկույց ներկայացնի 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ:

