Սամվել Նիկոյանն ավարտեց իր զեկույցը, 14 պատգամավոր հերթագրվել է հարցեր տալու համար: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանին, ամբողջ զեկույցը լսելուց եւ ամբողջ գիշեր այն ընթերցելուց հետո, ինչպես ինքը նկատեց, հետաքրքրել էր մի հարց, արդյոք Լեւոն Զուրաբյանին հրավիրել են հանձնաժողով եւ ճշտել, թե նա զղջացել է իր արարքի համար, որ նպաստել է այդպիսի ողբերգական իրադարձությունների իրականացմանը:
Ակնարկը կրկին այն դրվագի մասին էր, երբ Դավիթ Շահնազարյանը ցուցարարներին կոչ էր անում գնալ դեպի Մատենադարան, իսկ Զուրաբյանը հորդորում էր մնալ:
Նիկոյանը տեղեկացրեց, որ հրավիրել է բոլորին, այդ թվում եւ առաջին նախագահին եւ երկրորդ, բայց նրանք չեն եկել. «Նրանք գալու էին ոչ թե հանձնաժողովին պարզաբանումներ տալու, այլ հանրությանը, բայց չեկան, երեւի իրենց պատվից ցած համարեցին, դա եւս գնահատական է, վերաբերմունքի հարց է»,-ասաց Նիկոյանը:
Ի դեպ, Նիկոյանն իր զեկույցում խոսեց նաեւ դատավարությունների` արդարադատության իրականացման թերությունների մասին, շեշտելով, որ երբ դատարանում ծափեր են հնչում կամ դատարանի դիմաց մարդիկ են վանկարկում , դատավարության կողմերը անում են իրենց հնարավորությունների մաքսիմումը:
Այսինքն` մեղադրողը ամբողջ հնարավորություններով պնդում է մեղադրանքը, ամբաստանյալն ու վկաները պահում են իրենց այնպես, որ մամուլը լավ արձագանքի, դատավորն էլ անում է իր հնարավորությունների չափով: «Այդ պայմաններում արդարադատություն հնարավոր չէ իրականացնել. Ես անձամբ հետեւել եմ Սմբատ Այվազյանի դատավարությանը, եւ այդ տպավորությունն եմ ստացել»,-ասաց Նիկոյանը:
Բավականին կոշտ էին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցերը. «Եթե զեկույցում ներառված են Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթերը, ինչու ընդգրկված չեն Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, հատկապես այն մասին, որ ինքն ունի Ազատության հրապարակը մաքրելու երեք տարբերակ, եւ որից հետո տեղի ունեցավ մարտի 1-ը: Կամ այն միտքը, թե «ցուցարարները կրակում էին ու պախկվում ավտոմքենենարի հետեւում»:
Փոստանջյանը հարցրեց, ինչու անհանդուրժողականության սերմանման մասին գրելիս մոռացել են նշել Հանրային հեռուստատեսության տարածած ապատեղեկատվությունը ու վարկաբեկիչ նյութերը, ինչո՞ւ չեք գրել այն մասին, որ արտակարգ դրության պայմաններում օգտագործվել են զինված ուժերը, որոնք նախատեսված են Հանրապետության սահմանների պաշտպանության համար, ինչո՞ւ էին բարձրաստիճան պաշտոնյաները պաշտպանված 17-18 տարեկան ժամկետային զինծառայող երեխաներով: Ինչո՞ւ չկա որեւէ խոսք արտակարգ դրության պայմաններում մամուլի նկատմամբ ԱԱԾ-ի իրականացրած վերահսկողության մասին: Այս հարցերը բավականին նյարդայնացրին ՀՀԿ-ական պատգամավորներին, իսկ հարցերին պատասխանելու ծանր բեռից Նիկոյանին ազատեց Հովիկ Աբրահամյանը, ով 2 րոպե շուտ հայտարարեց ընդմիջում: Իսկ մեկժամյա ընդմիջումից հետո Սամվել Նիկոյանն ըստ էության այդպես էլ չպատասխանեց Զարուհի Փոստանջանյանի հարցերին` պարզապես ռեպլիկ բաց թողեց. «Դուք գայիք եւ անեիք»:
Քանի որ պատգամավորները չեն հասցնում ավարտել զեկույցի քննարկումը, ժամը 18.30-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:

