«Դատախազությունում գրված զեկույց էր»

19:27 | Սեպտեմբեր 16, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սա ոչ թե ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովում գրված զեկույց էր, այլ  դատախազությունում գրված եւ  նախագահականում խմբագրված »,-լսելով մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը' «Ա1+»-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա զեկույցը չի կարող անաչառ համարել, քանի որ «զեկույցում քաղաքական հիմնավորում կար իշխանություններին արդարացնելու համար»:

Հանձնաժողովի անդամ ՀՅԴ խմբակցության երկու պատգամավորները հատուկ կարծիք են ներկայացրել, որում անհամաձայնություն են հայտնում հատկապես

ոստիկանության գործողությունների օրինաչափ եւ իրավաչափ որակմանը:

 «Շատ հստակ զեկույցում փաստված են այն դեպքերը, երբ ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ եւ առանձին դեպքերում դուրս է եկել օրենքով նախատեսված սահմաններից, սա, ըստ էության, հիմք է տալիս, որպեսզի ոստիկանության գործողությունները չհամարվեն իրավաչափ: Խոսքը վերաբերում է թե Ազատության հրապարակում կատարվածին,  ինչը բնականաբար պատճառ է դարձել հետագա զարգացումների համար, ինչպես նաեւ երեկոյան, երբ գործադրվել է «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցը, ինչը մեր կարծիքով ոչ միայն ոչ համաչափ եւ ոչ իրավաչափ է եղել, այլ նաեւ հենց այսպիսի գործողություններն են հանգեցրել բարդ հետեւանքների»,-ասում է Արծվիկ Մինասյանը:

Նա  նաեւ նկատում է, որ ըստ ԵԽԽՎ 16 77 բանաձեւի,  հանձնաժողովի զեկույցը պետք է անդրադառնա հետաքննության անկողմնակալության եւ վստահելիության չափանիշներին. «Մենք գտնում ենք, որ պետք է արձանագրվեր, որ այն բացթողումներն ու թերությունները, որ եղել են նախաքննության ընթացքում, հիմք չեն տալիս պնդելու, որ նախաքննական գործողությունները ամբողջությամբ անաչառ են, արժանահավատ եւ վստահելիության ու անկողմնակալության չափանիշներին բավարարում են»: Եվ, ի վերջո, երրորդ պատճառը, որը ընդգրկված է ՀՅԴ հատուկ կարծիքում, այն է' «քանի դեռ 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտված չեն, քանի դեռ վիրավորման հանգամանքները բացահայտված չեն, պատճառված վնասների մեղավոր անձինքն բացահայտված եւ պատասխանատվության ենթարկված չեն, անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ քննություն, բոլոր հնարավոր գործիքներով»:

                                      Չեն կարող բավարարել բոլորին

«Հանձնաժողովը աշխատեց շատ ազնիվ, հրապարակային, որոշումները ընդունվում էին կոնսենսուսով, բայց հանձնաժողովի գործունեությունը ավելի արդյունավետ կլիներ, եթե ընդդիմադիր մեր գործընկերներն էլ աշխատեին, քննադատելուց բացի,-«Ա1+»-ին ասաց ՀՀԿ պատգամավոր Էդվարդ Շարմազանովը եւ ավելացրեց,- Հնարավորության սահմաններում արեցին ամեն ինչ, որ լինեն օբյեկտիվ, բազմակողմանի ուսումնասիրեն կատարվածը: Կան հարցեր, որոնց պատասխանները հանրությունը չի ստացել, բայց դա միայն հանձնաժողովի խնդիրը չէր, դա նաեւ նախաքննական մարմնի գործն էր»:  

Հանձնաժողովի մեկ այլ անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը էլ գտնում է, որ հնարավոր չէ բավարարել բոլորին. «Ասել, որ մենք կարողացանք բոլոր հարցադրումների պատասխանները տալ' օբյեկտիվ չի լինի, հատկապես մահվան հանգամանքների հետ կապված, այնուհանդերձ, ես կարծում եմ հանձնաժողովը փորձել է մաքուր լինել իր խղճի առջեւ, բնականաբար լինելու են դժգոհություններ թե պետական մարմինների կողմից, որոնց հասցեին քննադատություն կա, թե արմատական ընդդիմությունից, չի կարող լինել եզրակացություն, որ բավարարի բոլորի ցանկությունները: Այդպես չի կարող լինել, բայց կարեւորը հանրության շրջանում վստահություն լինի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ»:

Հանձնաժողովի ԱԺՄ-ական անդամ Արտավազդ Վարդանյանն էլ «Ա1+»-ին ասաց, որ համաձայն չի այն կարծիքի հետ, թե ոստիկանները մեղավոր են, բայց գործողությունները եղել են իրավաչափ եւ համաչափ. «Ես դա չեմ հասկանում, ի վերջո ով է տվել հրաման, ինքնագլուխ ոչ մեկը չի գործել, եթե ոստիկանները ոչ իրավաչափ են գործել, ուրեմն հրաման տվողն էլ պետք է դրանում մեղավոր լինի»:

Ի դեպ, պարզվում է Նիկոյանի մոտ կա փաստ, որ «Ազատեք հրապարակը» կոչ է հնչեցվել Ազատության հրապարակում մարտի 1-ի լուսաբացին, նկատենք, որ մինչ այժմ այդպիսի փաստ որեւէ մեկը չի հրապարակել:

 «Փաստը կա, բայց այս կոչը մենք հիմք չենք համարել մեզ համար»,-ասաց Արծվիկ Մինասյանը' ավելացնելով, որ օպերատիվ հետախուզական միջոցառում է նախատեսված եղել, բայց այդ միջոցառումը իրականում չի գործադրվել, այլ իրականացվել է հրապարակային միջոցառումը դադարեցնելու գործողությունս:  

Share |
Rambler's Top100