«Հանգրվանային որոշում էր»

12:25 | Սեպտեմբեր 01, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ողջունել է
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը: Արձանագրությունն ու մինչ այդ հայ-թուրքական ճանապարհային քարտեզի նշանակությունը նա որակել է Հայաստանի համար կարեւոր եւ հանգրվանային:

«Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ երկու փաստաթղթերին: Իսկապես լուրջ աշխատանք է արվել մեր դիվանագետների կողմից, եւ այս փաստաթղթերի ստորագրումը կարելի է որակել որպես մեկ տարի առաջ սկսված մեր դիվանագիտության հաջողություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, արձանագրությունը վկայում է, որ
Թուրքիան հրաժարվել է իր նախապայմաններից:

«Արձանագրության մեջ ոչ մի հիշատակում չկա հայ- թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապելու վերաբերյալ: Նաեւ չի հիշատակվում, որ Հայաստանը պետք է հրաժարվի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, արձանագրությունը հնարավոր արձագանք էր նաեւ Սերժ Սարգսյանի` Թուրքիա չմեկնելու հայտարարության:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլին հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը այս փուլում չի բացվի եւ որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում Անկարան հաշվի է առնելու Ադրբեջանի շահը: «Ա1+»-ի այս դիտարկմանը քաղաքագետը պատասխանեց. « Իրոք , սահմանը միանգամից չի բացվի եւ մեր դիվանագիտությունը պետք է փորձի շարունակել իր քայլերը: Հարցն այն է, որ Թուրքիայի ԱԳՆ հայտարարում է այդ մասին, իսկ ՀՀ ԱԳՆ-ն` լռում: Բայց ասեմ, նաեւ, որ Թուրքիայի ԱԳՆ կայքէջում ներկայացվել է Դավուդօղլուի այդ հայտարարությունը, սակայն արձանագրության եւ ճանապարհային քարտեզի տեքստերը` ոչ: Մինչդեռ, մեր արտգործնախարարությունը դեռ գիշերն էր դա արել: Սա որոշակի գործելակերպ է, որին պետք է ընտելանանք»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100