«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ»

15:17 | Սեպտեմբեր 01, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եթե Հայաստանն ընդունի առաջարկվող արձանագրությունները, ապա Թուրքիան ամբողջովին կստանա այն, ինչին ձգտում էր»:

«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ»

«Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրությունը 3 նախապայման է դնում ՀՀ-ի առաջ: Սա «Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար» թուրքագետ Արա Պապյանի տեսակետն է, որ այս պահին Կանադայում գիտական գործունեություն է ծավալում հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ իրողությունն ավելի սարսափելի է, քան վատագույն կանխատեսումները: Առկա արձանագրություններով ՀՀ իշխանություններին առաջարկվում է ընդունել Թուրքիայի բոլոր 3 նախապայմանները»,- այսօր Կանդայից հրապարակված արձանագրությունների վերաբերյալ «Ա1+»-ին իր տեսակետը հայտնեց Արա Պապյանը:

Շարունակելով իր խոսքը` դիվանագետն անդրադարձավ Թուրքիայի առաջ քաշած 3 նախապայմաններին. «Թուրքիայի 1-ին նախապայմանը մեր իրավունքների ուրացում է եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարումը, այսինքն` առկա սահմանների ճանաչումը: 2-րդ նախապայմանը` ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելն է, այսինքն` ԼՂ հարցի լուծումն է միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: 3-րդ նախապայմանը` Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումն է: Այս նախապայմանը եւս բավարարվել է: Արձանագրությունը ստեղծվելիք ենթահանձնաժողովների թվում նշված է նաեւ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձանաժողովի մասին»:

Ըստ Արա Պապյանի` հրապարակված արձանագրությունում ամենակարեւոր հարցը Հայոց Ցեղասպանության խնդիրն է. «Ակնհայտ է, եթե Հայաստանն ընդունի առաջարկվող արձանագրությունները, ապա Թուրքիան ամբողջովին կստանա այն, ինչին ձգտում էր: Իսկ ի՞նչ ենք ստանալու մենք: Միթե այնքան կարճատես կլինենք, որ կօրինականացնենք ՀՀ տարածքների բռնազավթումն ու մեր ազգային գույքի բռնատիրումը Թուրքիայի Հանրապետության կողմից եւ կզոհաբերենք մեր ժողովրդի ապագան»:

Հրապարակված արձանագրությունը ստորագրվելու դեպքում Արա Պապյանի գնահատականը մեկն է. «Նոր Խորենացու պետք կունենաք` «Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100