Մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը' Սամվել Նիկոյանի ղեկավարությամբ այսօր որոշել է ստուգել, թե որքանով են հավաստի այն նյութերը, թե մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ եւ 140 հատ գխարկներ: Այս տեղեկատվությունը հանձնաժողովին է ներկայացրել Փաստահավաք նախկին խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը, իսկ փաստաթուղթը վերջիններիս է տրամադրել Հայ Ազգային Կոնգրեսը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի եւ Սաֆարյանի ներկայացրած փաստաթղթում նշված են այն բարձրաստիճան պաշտոնյանների անունները, որոնք ստացել են հագուստները եւ բաժանել իրենց թիկնապահներին եւ սափրագլուխներին: Նրանք են' նախկին վարչապետի Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազրյանը, Գագիկ Ծառուկյանը, Սուրեն Խաչատրյանը, Լեւոն Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը, Առաքել Մովսեսյանը, Մհեր Սեդրակյանն ու Սամվել Ալեքսանյանը:
Փաստաթղթի հրապարակումից հետո այսօր ԲՀԿ լրատվական ծառայությունից են հայտնել են. «Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որևէ մեկը որևէ կերպ մարտի 1-ի դեպքերին ներգրավված չի եղել»: Մնացածների լրատվական ծառայությունները առայժմ լուռ են: Իսկ ինչպե՞ս է պարոն Ծառուկյանի անունը հայտնվել ՊՆ-ի փաստաթղթի վրա առայժմ հայտնի չէ: Նշենք, որ պարոն Ծառուկյանը փաստաթղթում 2-րդն է:
Ի դեպ, Փաստահավաք նախկին խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանն արդեն թվով իրենց 4 զեկույցում, որը վերջին չի լինելու, մանրամասն նշել են, թե 2008թ. մարտի 1-ին առավոտից մինչեւ ուշ գիշեր ուժային կառույցների ներկայացուցիչները ինչ քանակի զենքով եւ ինչ կառուցվածքով են մասնակցել սպանդին:

