Ազատ արձակվեց եւս մեկ քաղբանտարկյալ

15:19 | Հուլիս 29, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Որեւէ մեկը չի կարող փոխել իմ քաղաքական հայացքները: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ` ի գիտություն Սերժ Սարգսյանի»,- այսօր «Կոշ» քրեակատարողական հիմնարկից դուրս գալով` ասաց քաղբանտարկյալ Հայկ Գեւորգյանը:

Մարտի 1-ի դեպքերից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել Քր. Օր 258 հոդվածով 3-րդ մասով`խուլիգանություն կատարելու համար: «Ինձ դատապարտել են իմ չարած հանցագործության համար, սակայն դա իմ պայքարը չի դադարել»,- «Ա1+ին» ասաց Հայկ Գեւորգյանը:

Մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվել էին նաեւ Գեւորգյանի մյուս հարազատները, որոնք դեռ անազատության մեջ են: Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հայկ Գեւորգյանը ձերբակալվելու պահին Երեւանի պետական ագրարային համալսարանի 3-րդ կուրսում էր:

Ազատազրկման վայրից նա հնարավորություն չի ունեցել մասնակցել քննություններին, իսկ այսօր վստահ չէ, որ իրեն թույլ կտան շարունակել ուսումը. «Դա կախված է իշխանությունների կամքից` ինձ թույլ կտան քննություններ հանձեմ, թե ոչ, սակայն դա նրանց խնդիրն է եւ հայացքներից ես երբեք չեմ հրաժարվի»:

Ի դեպ, Գեւորգյանն ուրախ է, որ իր նկատմամբ համաներում չի կիրառվել. «Ես որեւէ հանցանք չեմ արել եւ նրանց համաներման կարիքը չունեմ»:

«Կոշում» տիրող պայմաններից Հայկ Գևորգյանը դժգոհելու առիթ չուներ: Դեռ ավելին քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցներ դուրս էին եկել նրան ճանապարհելու, որոնց Գեւորգյանը հրավիրում էր իր տուն` իր հարազատների հետ այսօրվա ուրախությունը կիսելու համար:

Գեւորգյանին այսօր դիմավորելու էին եկել նրա հարազատները եւ ՀԱԿ-ի անդամները:

 

 

Արխիվ
Rambler's Top100