Մեղադրեց Աժ նախագահին

15:26 | Հունիս 08, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

"Դուք տենց պահանջատիրական մի խոսեք նախ".- նման խոսքերով այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմեց "Ժառանգություն" կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:  Նա այսօր  ԱԺ -ին մեղադրեց, թե ինչո՞ւ համապատասխան քայլեր չձեռնարկվեցին, որպեսզի ԱԺ քաղբանտարկյալ պատգամավոր Հակոբ Հակոբյանը կարողանա ներկայանալ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով եւ ներկայացնի իր հեղինակած  օրենսդրական նախաձեռնությունները:

"Ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի բանտերից ազատվեն քաղբանտարկյալ պատգամավորները",- ոչ միայն Փոստանջյանի այս հարցը, այլեւ  տոնը դուր չեկավ ԱԺ նախագահին:  

Հովիկ Աբրահամյանը նույն այդ նիստին չմասնակցելու մեջ մեղադրեց Զարուհի Փոստանջյանին. "Դուք ստիպում եք, որ ես ամեն ինչ անկեղծ ասեմ: Նախ դուք մասնակցեիք այդ հանձնաժողովի նիստին եւ   այդ առաջարկությունը ձեր հանձնաժողովում անեիք: Եթե հանձնաժողովը որոշել է հետաձգել այդ հարցի քննարկումը, ուրեմն դա հանձնաժողովի գործն է: Եւ երկրորդ' դուք նման լիազորություն չունեք "Հանրապետական" կուսակցության գործերի մեջ մտնելու: Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ...հարցերը քննարկվում են մեր կուսակցությունում եւ մենք ենք որոշում կայացնում":

Պարզաբանման կարգով Զարուհի Փոստանջյանը Աժ նախագահին հայտնեց, որ ինքը դիտմամբ չի մասնակցել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին. "Այո, դիտավորյալ չեմ մասնակցել, քանի որ գիտեի Ձեր հանձնաժողովի եւ ՀՀԿ-ի դիրքորոշումը: Բացի այդ մենք նաեւ նախաձեռնել էինք' հրավիրել արտահերթ նիստ այդ հարցի վերաբերյալ, բայց Ձեր կուսակցությունը,  կոալիցիա կազմող մեծամասնությունը տապալեց մեր նախաձեռնությունը":

Զարուհի Փոստանջյանի պատասխան- պարզաբանումը Աժ նախագահը գնահատեց "ոչ օբյեկտիվ".

 "Դուք ուղղակի հարցեր եք հնչեցնում, սակայն ես չեմ տեսնում այն գործնական քայլերը, որ այդ գործընթացներն ունենան իրենց ընթացքը",-ասաց նա:

ԱԺ նախագահի եւ տիկին Փոստանջյանի միջեւ  վիճաբանության ավարտից հետո, ԱԺ-ն նախքան այս քառօրյայի օրակարգը հաստատելը' քվեարկեց նախորդ քառօրյայում քննարկված, սակայն չքվեարկած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Արխիվ
Rambler's Top100