Գագիկ Ջհանգիրյանը ազատ արձակվեց

15:27 | Հունիս 23, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես տոկունություն, կամք, արիություն եմ ցանկանում ճաղավանդակների հետեւում մնացած մեր բոլոր ընկերներին»,- ՀՀ Ազգային անվտանգության մեկուսարանից ազատ արձակվելուց հետո ասաց Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Նա ազատ արձակվեց համաներման կիրառմամբ:

Վերջինիս դիմավորելու էին եկել նրա ընկերները, համակիրները եւ երեկ ազատ արձակված քաղբանտարկյալների մի մասը: Ողջագուրվելով ներկաների հետ, այնուհետեւ պատասխանելով «Ա1+»-ի հարցերին` Գագիկ Ջհանգիրյանը հուզված ձայնով վստահեցրեց. «Խոստանում եմ, որ մենք իրենց(դեռ բանտում գտնվողներին) արագ ազատ ենք արձակելու»:

Այնուհետեւ «Ա1+»-ի հարցին, թե ինչպես է գնահատում համաներման որոշումը` Գագիկ Ջհանգիրյանը ասաց, թե համաներումը ընդհանրապես չի առնչվում մարտի 1-ի իրադարձությունների, ապօրինի կալանված անձանց հետ: Իսկ ասածը հիմնավորելու համար` նշեց. «Տեքստի կետը չեմ հիշում, հանեք այդ տեքստի կետը, որում գրված է, որ համաներումը տարածվում է մարտի 1-ի դեպքերով կալանավորված անձանց վրա, համաներման բովանդակությունը չի փոխվի: Նա նորից կտարածվի այն հանցագործությունների վրա, որոնց վրա տարածվում է եւ այն նույն հանցագործությունների վրա, որոնց վրա չի տարածվում: Պարզ ու հասարակ: Ժողովրդական շարժման ճնշումների, եվրոպական կառույցների հորդորների ազդեցության տակ ընդունվեց կիսահղի փաստաթուղթ»:

Իսկ հեռանալուց առաջ փաստեց, որ ինքը ՀԱԿ-ի զինվոր է եւ ինչ քայլեր կանի ՀԱԿ-ը,նա էլ` նրանց հետ:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը մեղավոր էր ճանաչվել 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռություն գործադրել, եւ դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: Նա անազատության մեջ է փետրվարի 23-ից. մեկ օր առաջ «Ազատության» հրապարակում ելույթ էր ունեցել ի պաշտպանություն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

Ի դեպ, ոստիկանության աշխատակիցները արգելում էին դրսում հավաքվածներին կանգնել ԱԱԾ շենքի առաջ եւ հորդորում էին կանգնել դիմահայաց մայթին:

 

Rambler's Top100