Սասուն Միքայելյանի երգը խլացրեց դատավճիռը

13:42 | Հունիս 22, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով այսօրվա դատական նիստը անցավ բավականին լարված մթնոլորտում, որի ընթացքում մի քանի միջադեպեր արձանագրվեցին:  

Մի քանի տասնյակի հասնող մարդիկ հավաքվել էին դատարանի առաջ եւ ակնկալում էին, որ Սասուն Միքայելյանին էլ մյուս քաղբանտարկյալների նման դատարանի դահլիճից ազատ կարձակեն եւ իրենց հետ միասին կհեռանա այնտեղից, սակայն ավելի քան հուսախաբ եղան' լսելով դատավորի' 8 տարվա ազատազրկման վերաբերյալ դատավճիռը: Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր 9 տարվա ազատազրկում:

Նախ մինչեւ դատական նիստի սկսվելը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եկավ ընդամենը մի ժամ առաջ ազատատության մեջ հայտնված Հակոբ Հակոբյանը, որին հավաքվածները շատ ջերմագին ընդունեցին: Ավելի ուշ, նախատեսվածից մեկ ժամ ուշացումով, երբ սկսվեց դատական նիստը, կարգադրիչները արգելեցին նրան մտնել դատարան: Նրանք թույլ տվեցին ներս մտնել լրագրողներին, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, իսկ վերջիններիս հորդորներին, թե ինչու են արգելում պատգամավոր  Հակոբ Հակոբյանին մտնել դատարան, նրանք պատասխանում էին, թե ցուցակում նա չկա:

Սասուն  Միքայելյանի հարազատները երկար համոզելուց հետո դատարան մտան: Երբ առանց այն էլ փոքրիկ դալիճի ուղիղ կեսը ԱԱԾ աշխատակիցներով լցված տեսան,  սկսեցին լացակումած խնդրել, որ ազատեն դահլիճը, որ ավելի շատ հարազատներ տեղավորվեն, սակայն հետո երբ տեսան, որ անօգուտ է իրենց աղաչանքը, սկսեցին գոռգոռալ եւ զայրանալ: ԱԱԾ աշխատակիցները չլքեցին նստարանները այնքան ժամանակ, մինչեւ կարգադրիչներից մեկը նրանց թույլ չտվեց: Եվ այդ ժամանակ էլ ծեծկռտուք բռնկվեց լրագրողների, քաղաքացիների եւ կարգադրիչների միջեւ:

Վերջիններիս հանգստացրեց ԺՈՒԿ ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը, ասելով, թե. «Հանգստացեք, այսօր բոլոր դատարաններից ազատ են արձակվել մեր ընկերները: Եվ հիմա էլ Սասուն Միքայելյանին ազատ կարձակեն եւ միասին կհեռանանք այստեղից»:

Հասարակությանը հանգստացնելուց հետո ներս մտավ դատավոր Հրայր Սարգսյանը: Մինչ վերջինս կարդում էր դատավճիռը, Սասուն Միքայելյանը ձեռքերը օդ բարձրացրած ներկաների հետ միասին սկսեց հայրենասիրական երգ երգել: Սակայն վճիռը ընթերցելուց հետո դատավորը գրեթե փախուստի դիմեց նիստերի դահլիճից, քանի որ ներկաները սկսեցին գոռալ:

Ավելի ուշ, դատարան էին շտապել նոր ազատ արձակված մյուս քաղբանտարկյալները եւս' Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը: Հավաքվածները, չհամակերպվելով որոշման հետո, որոշեցին փակել այն մեքենան, որով տանելու էին Սասուն Միքայելյանին: Նույնիսկ կանանցից մեկը նստեց մեքենայի առաջ, սակայն ոստիկանները հրելով, հարվածելով հետ մղեցին հավաքվածներին եւ Սասուն Միքայելյանի մեքենան հեռացավ:

Share |
Rambler's Top100