Համաներման արդյունքում այսօր ազատ արձակվեց 15 քաղբանտարկյալ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Սարյանի արձանի մոտ դիմավորեց բոլոր այն քաղբանտարկյալներին, որոնք համաներման արդյունքում այսօր ազատ արձակվեցին: Նա Սարյանի արձանի մոտ էր ժամանել նախատեսված ժամից մեկ ժամ շուտ' իր համակիրների հետ շփվելու համար: Հանդիպումը անմիջական էր, Տեր-Պետրոսյանը շատերին ճանաչում էր անուններով եւ խնդրեց հնարավորինս անաղմուկ սպասել քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալներից առաջինը ներկայացավ Մյասնիկ Մալխասյանը, որից հետո նաեւ մյուսները: Ներկաները քաղբանտարկյալներին դիմավորեցին «Հերոսներ» վանկարկումներով, ազգային ազատագրական երգերով ու ծափերով: Բոլոր քաղբանտարկյալները դեմ էին իրենց նկատմամբ համաներման կիրառմանը եւ, իրենց խոսքերով, մինչեւ վերջ պայքարելուն են արդար դատավճռի հասնելու համար: «Կիսատ հանդուրժողականություն, ներողամտություն, մեծահոգություն, համաներում չի լինում: Մեծահոգության, Աստվածահաճո գործի մասին իշխանությունների հայտարարությունները ծիծաղելի են: Ամենակարեւորը մենք այդ համաներման կարիքը չունենք: Մեր նկատմամաբ ամենամեծ հանդուրժողականությունը կլիներ այն, որ իշխանությունները արդար դատավարության հնարավորություն տային մեզ »,- Ա1+ին ասաց Մյասնիկ Մալխասյանը: Նրա կարծիքով' այս համաներմամբ իշխանությունները ավելի խորացրեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը, քանի որ այն արվեց միայն ԵԽԽՎ-ին ցույց տալու համար. «Այլապես, իշխանությունները հազար առիթ ունեին համաներում հայտարարելու համար»: Սմբատ Այվազյանը Սարյանի արձանի մոտ էր եկել անմիջապես Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից'«Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկելով: «Իշխանությունները գավառական, գյուղական , ճղճիմ մակարդակի համաներում անցկացրեցին: Ամոթ իրենց»,-Ա1+ին ասաց Սմբատ Այվազյանը: Նրան չի զարմացնում այն փաստը որոշ քաղբանտարկյալներ իշխանությունները ազատ չարձակվեցին. «Նրանց թվում է, որ մենք մեր պայքարը չենք շարունակի, քանի որ մեր ընկերներից շատերը դեռ անազատության մեջ են, բայց նրանք սխալվում են: Մենք մեր պայքարը շարունակելու են հենց հանուն մեր անազատության մեջ մնացած ընկերների»: Այսօր ազատ արձակված քաղբանտարկյալների շարքում էր Դավիթ Մաթեւոսյանը: Վերջինս հետախուզման մեջ գտնվողների վերաբերյալ իշխանությունների հայտարարությունների մասին ասաց. «Դա ընդամենը ծուղակ է հետախուզման մեջ գտնվողների համար»:
Քաղբանտարկյալներից Աշոտ Զաքարյանը ցավ հայտնեց, որ այսօր ոչ բոլոր քաղբանտարկյալները են ազատ արձակվել, սակայն վստահեցրեց, որ իշխանությունները նրանց եւս չեն կարող երկար պահել պատանդի կարգավիճակում: Նա հատկապես ցավում է Սասուն Միքայելյանի համար: «Մեզ համաներում պետք չէր: Մենք շարունակելու ենք մեր պայքարը այնպես, ինչպես մինչեւ անազատության մեջ հայտնվելը»,- Ա1+ին ասաց Աշոտ Զաքարյանը:
Մոտ 3 ժամ այսօր Տեր-Պետրոսյանն անցկացրեց Սարյանի արձանի մոտ' իր համակիրների հետ շփվելով: Նրա հեռանալուց հետո էլ հավաքվածները ոգեւորված վանկարկում էին. «Լեւոն, նախագահ»:

