Հարձակվել է “Առավոտի” թղթակցի վրա

00:27 | Հունիս 01, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

"Նորագյուղցի Բոկո" մականունով երիտասարդը հարձակվել է "Առավոտ" օրաթերթի թղթակից Նելլի Գրիգորյանի վրա, քաշքշել նրան, հայհոյել, սպառնացել թե` "դու ով ես որ նկարում ես արա", այնուհետեւ փախցրել լրագրողի տեսախցիկն ու փախել անհայտ ուղղությամբ:

Դեպքը տեղի է ունեցել Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/25 ընտրական տեղամասում, երբ լրագրողը ականատես է եղել` ինչպես է Բոկոն սպառնում ՀԱԿ-ի վստահված անձին:

"Այդ տղան բառիս բուն իմաստով պատին էր դեմ տվել ՀԱԿ-ի վստահված անձին, եւ համոզում էր, ասում էր, ես "ընդդիմությունից եմ քուր ջան, դու ինձի բան ես ասել, պիտի գաս դուրս երկու բան ունեմ ասելու", այսինքն` այդ աղջկան փորձում էր ամեն կերպ տեղամասից դուրս հանել: Ես այդ պահին երբ ես մտա տեղամաս, խցիկը ձեռքս էր, փորձեցի նկարել, այդ տղան հենց տեսավ նկարում եմ, թողեց վստահված անձին, բռնեց շորերիցս, սկսեց քաշքշել, ու այդ ընթացքում գոռում էր, "արա դու էս ով էս, ով ա քեզ թողել նկարես ..."

Լրագրողի պատմելով, ընտրատեղամասում ներկա անձանցից որեւէ մեկը չի միջամտել: Ընտրատեղամասում եղել են մի խումբ տղաներ, ովքեր այն բանից հետո, երբ լրագրողը հայտարարել է, որ խոչընդոտվել է իր մասնագիտական աշխատանքը, վազել են այն ուղղությամբ, ուր փոխել է նորագյուղցի Բոկոն:

"Քիչ անց նրանք վերադարձան տեսախցիկով, սակայն առանց տեսախցիկի հիշողության չիպի" ,- ասաց Նելլի Գրիգորյանը:

Դեպքի կապակցությամբ կազմվել է արձանագրություն, որը սակայն, ընտրական հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ստորագրել:

Share |
Rambler's Top100