Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի պատրաստվում ապացուցել ԲՀԿ-ի վերաբերյալ իր թվերի իսկությունը:
Գագիկ Ծառուկյանը նրան օրերս խոստացել է 1 միլիոն դոլար, (որը հետո 1 միլիոն դրամ դարձավ), եթե իհարկե, Ադիբեկյանը ապացուցի, որ իր թվերը իրական են:
Հակառակ դեպքում' Ծառուկյանը սոցիոլոգից պահանջում է ներողություն խնդրել եւ չի բացառում, որ սոցիոլոգին պատժի:
«Պարոն Ծառուկյանն իր ռեստորանային մտածելակերպով վիրավորել է մի գիտություն, որը 20-րդ դարի նվաճումներից է: Կարծում եմ, որ նա չի տարբերում սոցիոլոգին ռեստորանի ռաբիս նվագողներից, որին ցանկացած գումար կարող է տալ եւ իր ցանկացած երգը երգեն: Դա այդպես չէ: Եթե նա այդքան կրուտոյ տղա է, թող «Գելափին»-ին առնի, թող «Գելափը» ապացուցի, այն տվյալները, որ Ծառուկյանը 21-րդ դարի սկզբի լավագույն քաղաքական գործիչն է, նրա կուսակցությունը ամենավարկանիշային է, իսկ Քուշկյանն ամենալավագույն քաղաքապետն է: Թող փորձի, եթե մենք վաճառվող մասնագետներ կամ վաճառվող գիտություն ենք»,- այսօր «Ա1+»-ին ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե սոցիոլոգին պատիժ է սպասվում, եթե նա չհերքի իր ոչ ճիշտ տվյալները, ապա Ադիբեկյանն ասաց. «Ես չեմ կարող հերքել մի բան, որի մասին տվյալ դեռ չեմ տվել»:
Պարոն Ադիբեկյանն «Ա1+»-ին նաեւ հայտնեց, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում սխալ տեղեկատվություն է տրվել. «Տեղի է ունեցել թյուրիմացություն. Ես դեռ կուսակցությունների բլոկերի վարկանիշ դեռ չեմ հրապարակել: Այն պատրաստ կլինի 2-րդ կամ 3-րդ հարցումներից հետո:Ես ընդամենը նշել էի, որ ցուցակների առաջին համարների եւ քաղաքական ուժերի վարկանիշները տարբեր են. օրինակ եմ բերել, որ Քուշկյանի վարկանիշը մի քանի անգամ ցածր է ԲՀԿ-ի վարկանիշից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանինը' մի քանի անգամ բարձր է ՀԱԿ-ի վարկանիշից»: Սոցիոլոգի կարծիքով' այս տվյալները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ընտրողները ում են նախընտրում ձայն տալ' ցուցակը գլխավորողին, թե քաղաքական ուժին. «Կուսակցություններից է կախված եւ թաղապետերի նշանակումները եւ քաղաքային տնտեսության զարգացումը, սակայն անձնական պատասխանատվությունը կրելու է ցուցակում առաջին համար: Օրինակ' ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ անհայտ է, իրեն դեռ չի դրսեւորել, սակայն առաջին 3 համարը լավ ծանոթ են հանրությանը»:
«Ա1+»-ի խնդրանքով Ահարոն Ադիբեկյանը անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին իբրեւ ընդդիմություն ՀՅԴ-ի մասնակցությանը եւ ասաց. «Մեր հաջորդ խնդիրը դա պարզելն է: Ես դա կհայտնեմ մայիսի 11-ին կամ 12-ին»: Իսկ այս պահին Ադիբեկյանն ասաց, որ ընդդիմադիր ընտրողների մի հատվածը դեռ կողմնորոշված չէ' չգիտի ում է ձայն տալու. «Եթե ՀՅԴ-ն կարողանա քարոզարշավի ընթացքում ապացուցել, որ ընդդիմադիր է, ապա ընդդիմադիր զանգվածի մի մասը կձգի իր կողմը: Ընդդիմություն հայտարարելը դեռ քիչ է, դա դեռ պետք է հասնի զանգվածներին: Ժամանակը շատ քիչ է եւ ՀՅԴ-ն դա կարող է չհասցնել»:

