Քվեարկություն' թղթե խցերում

14:44 | Մայիս 04, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երեւանի ավագանու ընտրություններում ունենք 629 թեկնածու, չունենք ոչ մի մերժում, չկա որեւէ պրոբլեմ, ամեն ինչ ընթանում է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան». սա էր այսօր ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանի ասուլիսի հիմնական նպատակը: Նա նաեւ ներկայացրեց նոր տիպի քվեախցեր, որոնք «ավելի էժան են եւ ձեռնտու»:

 Եթե նախկինում ամեն փայտե քվեախուցն արժեր 8000 դրամ եւ նախատեսված էր 3 ընտրության համար, ապա «թղթե քվեախուցն» արժե ընդամենը 1000 դրամ եւ տեղափոխելու համար բավականին հարմար է: Այս թղթե քվեատուփերը կդրվեն սեղանների վրա, այսինքն, պատին ամրացնելու անհրաժեշտություն էլ չի լինի, դրանից բխող տարբեր հետեւանքներով:

Գարեգին Ազարյանն այսօր տեղեկացրեց, որ մինչեւ մայիսի 4-ը որեւէ մեկի պաշտոնեական գործունեությունը չի կարելի դիտել իբրեւ օրենքի խախտում, իսկ մայիսի 4-ից հետո օրինակ քաղաքապետը պետք է գործի ՏԻՄ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, իսկ լրատվամիջոցներն իրենք են որոշում որ միջոցառումը լուսաբանեն, որը' ոչ, որպեսզի պահեն հավասարակշռությունը:

Ինչ վերաբերում է «100 տոկոսանոց» ցուցակներին, որոնք, ինչպես հայտնի է, կազմում եւ մարդկանց անձնական տվյալներն են հավաքագրում հիմնականում Գագիկ Բեգլարյանի կողմնակիցներն, ապա Ազարյանն ասաց, որ եթե ինքն էլ լիներ, կվարվեր նույն կերպ' նախօրոք կփորձեր ճշտել իր համակիրների հնարավոր ցուցակը:

Իսկ այդտեղ որեւէ խախտում ինքը չի տեսնում, քանի որ այդ եւ ցանկացած տիպի այլ ցուցակով ընտրողին որեւէ մեկը որեւէ բան պարտադրել չի կարող:

«Ընտրողն ու Աստված գիտի' ինքն ում է ընտրել»,-ասաց Գարեգին Ազարյանն ու օրինակ բերեց ԿԸՀ-ի պատրաստած մուլտֆիլմից, որում ընտրատեղամասից դուրս գալուց հետո կինը հարցնում է ամուսնուն' ում ընտրեցիր, վերջինս պատասխանում է ' միայն ես գիտեմ, թե ում ընտրեցի:

Գարեգին Ազարյանն անգամ խորհուրդ տվեց ընտրողներին' ինչպես խուսափել «կարուսելից»: Ըստ Ազարյանի' ընտրողը կարող է վերցնել քվեաթերթիկը մտնել քվեախուց, մի ավելորդ գծիկով փչացնել քվեաթերթիկը, հետո հանձնաժողովից պահանջել մաքուր քվեաթերթիկ եւ կատարել սեփական ընտրությունը:

Ազարյանը բացառում է, որ որեւէ մեկը կարող է իր ցանկությունը պարտադրել ընտրողին: Եվ մամուլի խնդիրն, ըստ Ազարյանի, պետք է լինի հասարակությանը հենց այդ բացատրելը: 

Share |
Արխիվ
Rambler's Top100