ՀՀԿ-ն ձեռնոց չի՞ նետել

14:29 | Մարտ 09, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի խորհրդի ընտրություններում ՀՀԿ-ն ո՞ւմ է համարում իրեն մրցակից: ՚Մրցամարտը հենց ներսում է լինելուՙ,- կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա` կոալիցիոն ուժերն ավելի շատ ձայն կհավաքեն, քան մյուսները, իսկ ընդդիմությանն էլ խորհուրդ տվեց ՚այդքան պասիվ չլինել եւ պարտվողի տրամաբանություն չունենալՙ:

՚Արդեն մի տարի է` ասում են` խորհրդարանական ընտրություններ լինեն, լուրջ արդյունքներ կունենան, չեմ կարծում, որ սա համապետական ընտրություններին զիջում է: Ընդդիմությունը պետք է փորձի, որ ապացուցի այդ գաղափարախոսությունըՙ,- ասաց Գալուստ Սահակյանը, իսկ մինչեւ գալիք ընտրությունները Երեւանի քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանի նշանակումը պատճառաբանում է հետեւյալ կերպ. ՚Եթե հանրությանը հայտարարում ես, որ առաջին համարը պետք է լինի Գագիկ Բեգլարյանը, նշանակում է` պետք է նաեւ նշանակել քաղաքապետ, այլապես այս 2-3 ամիսը քաղաքապետարանի աշխատանքները կպասիվանային: Դա է եղել հիմնական գաղափարախոսությունըՙ:

Ինչ վերաբերվում է նրան, թե Բեգլարյանի նշանակումով ՀՀԿ ձեռնոց է նետում մյուս ուժերին, որ այնուամենայնիվ իրենք են հաղթելու, ասաց. ՚Եթե դա լծակ են համարում, ապա ասեմ, որ ՀՀԿ դրանից ավելի բարձր եւ լուրջ լծակների է տիրապետում, որովհետեւ ըստ էության, իշխանության հիմնական մասը ՀՀԿ-ի ձեռքում էՙ: Ի դեպ, նրա պնդմամբ, իրենք շարունակում են կոալիցիոն ուժերի հետ մնալ ջերմ փոխհարաբերությունների մեջ:

Բեգլարյանի մականվան բացատրությունը

Եթե ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ունենար մականուն, ինչպես Գագիկ Բեգլարյանը, ապա կմասնակցեր Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Առաքելյանի հայտարարության մասին այսօր լրագրողները հիշեցրին Գալուստ Սահակյանին, որն էլ փորձելով պաշտպանել իր կուսակից ընկերոջը` Գագիկ Բեգլարյանին, ասաց, թե յուրաքանչյուր մարդու էլ մանկուց ինչ որ բան են ասում, որը հետագայում մեծանալուց հետո, երբ բարձր արդյունքների է հասնում, դառնում է մականուն. ՚Բացասական մականունով մարդիկ մեզ չեն շրջապատում: Այնպես որ ՀՌԱԿ ատենապետը եթե քաղաքում է ծնվել, համենայնդեպս քաղաքի մտածողության արժեվորմամբ հանդես չի եկել: Քաղաքում ծնվածը մի քիչ քաղաքի տղա պետք է լինիՙ: Ավելին, նա օրինակ բերեց նաեւ Աղբյուր Սերոբին. ՚Աղբյուր Սերոբը մականուն ունի, ասենք մականուն ունի՞ՙ: Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանի մականունը ՚Չոռնիՙ է: Ի դեպ, Գալուստ Սահակյանն այսօր ափսոսանք հայտնեց,որ ինքը մականուն չունի: ՚Գալուստ եղել եմ, Գալուստ էլ մնացելՙ,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը կուսակցությունում այն եզակիներից է, որ բարձր պաշտոն է զբաղեցնում, սակայն մականուն չունի:

Խուճապից հեռու մնալը փրկությո՞ւն

՚Աշնանը աշխարհում տիրող տնտեսական ճգնաժամը կանգ կառնիՙ,- կանխատեսում է Գալուստ Սահակյանը: Իսկ Հայաստանի տնտեսությունը, աճ, այնուամենայնիվ, կունենա: ՚Հնարավոր եմ համարում, որ շատ պետություններ կարող են մինուսով փակել, բայց դա չի նշանակում, որ ահավոր մեծ ողբերգություն էՙ,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է խոսակցություններին, թե հնարավոր է տարադրամի լողացող կուրսի անցումից հետո Հայաստանի բյուջեն վերանայեն, ապա. ՚Եթե ճգնաժամը Հայաստանում ավելի ընդգծված դրսեւորում ունենա, հնարավոր է կրճատեն: Բայց չեմ կարծում, որ ժամանակն է այսօր խոսելու: Առավել եւս , որ այսօր ֆինանսական շուկան ամբողջովին ազատականացված է: Դա կնպաստի նաեւ ապրանքային շուկայի ազատականացման վրա: Ինչ որ ծախսեր կարելի է նաեւ չանել, ինչ որ բաներ մեղմացնել: Այստեղ արգումենտ չեմ տեսնում, որ քաղաքական շահարկումների ենթարկվի նաեւ այս բյուջեն: Ինչքան խուճապից հեռու լինենք, այնքան հաղթահարելի կլինի իրական վիճակըՙ:

 

Արխիվ
Rambler's Top100