ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյին:
Դեսպանը շնորհավորել է Արտակ Դավթյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաջողությունների համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Մասնավորապես քննարկվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին եւ խորհրդարանների միջեւ կապերի աշխուժացման հնարավորություններին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողություններ է մաղթել բելառուս ժողովրդին: Այս մասին հայտնում է ԱԺ-ում հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

