Քննարկվում են պայթյունի մի քանի վարկած

23:30 | Մայիս 04, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ ոստիկանության հայտարարությունը 2012 թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքի քննության վերաբերյալ


Մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն անմիջապես արձագանքել են պատահարին:

ՀՀ ոստիկանապետի հրամանով արդեն ձևավորվել են մի քանի ուղղությամբ աշխատող օպերատիվ խմբեր: Իրականացվում են այցելություններ հիվանդանոցներ, հարցման են ենթարկվում պատահարի վայրում ներկա գտնվողները և տուժածները, միջոցներ են ձեռնարկվում բռնկման անմիջական ականատեսներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով պահանջվում են անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:

Ներկայումս իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:

Ոստիկանությունը պարբերաբար կտեղեկացնի իրականացված գործողությունների և ստացված արդյունքների մասին:
Պատահարի կապակցությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ պարբերաբար զեկուցվում է Հանրապետության Նախագահին:

Ի դեպ, ըստ  հասարակության մեջ քննարկվող մի վարկածի, եթե փուչիկները լիցքավորված  չեն եղել հելիում գազով, քանի որ  թանկ արժե, այլ մեթան կամ բնական գազով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100