Ադրբեջանցիները ելույթ ունեցան Հայաստանի ԱԺ-ում

23:41 | Փետրվար 22, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում փետրվարի 22-ին, առաջին անգամ Եվրամիության տարածքից դուրս, մեկնարկեց Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:


Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատելուց եւ նախորդ` սեպտեմբերին Ստրասբուրգում տեղի ունեցած նիստի արձանագրությունն ընդունելուց հետո, «Եվրանեսթի» պատգամավորներն անցան օրակարգային զեկույցի քննարկմանը: Արտակ Զաքարյանի եւ Իլիանա Մալինովա Յոտովայի հեղինակած զեկույցի նախագիծը` «Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացումը, այդ թվում` կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցությունը եւ քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնմանը միտված բարեփոխումները» վերնագրով, առաջարկում է ընդունել բանաձեւ: Այն աջակցություն է հայտնում քաղաքացիական հասարակությունների ու ազգային պլատֆորմների գործունեությանը, միաժամանակ անընդունելի համարում այդ կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտող` ավելորդ իրավական կամ վարչական պարտավորությունները: Նաեւ կոչ է արվում քաղաքական երկխոսության մեջ որպես մասնակցային ժողովրդավարական տարր ներգրավել քաղաքացիական հասարակություններին, խրախուսել նրանց մասնակցությունն ընտրական գործընթացում` դիտորդի կարգավիճակով:

 

Զեկույցը ներկայացնելով` Արտակ Զաքարյանը եւ Քրիստիան Սիլվիու Բուշոյը նշեցին, որ պատմական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը Արեւելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրում տարբեր է, սակայն քաղաքացիական հասարակություններն ընդհանուր շատ բան ունեն: Նաեւ ընդգծեցին քաղաքացիական հասարակությունների կարեւոր դերը տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովելու, բնապահպանական, էներգետիկ անվտանգության եւ այլ ոլորտներում համագործակցելու, նաեւ` ազգային պլատֆորմների եւ իշխանությունների միջեւ երկխոսություն ծավալելու հարցում:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիեւը զեկույցի նախագծի վերաբերյալ իր հարցադրումներում եւ առաջարկություններում անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության խնդրին: Մասնավորապես նա առաջարկեց մտածել տարածաշրջանային խոչընդոտների մասին` ասելով, որ դրանք հակասում են տարածաշրջանային համագործակցության սկզբունքին, ինչպես նաեւ խաղաղությանն եւ ԵՄ չափանիշներին: Նրա խոսքերով` Եվրանեսթը կարող է դառնալ խնդիրների լուծման լավ հարթակ, քաղաքացիական հասարակություններն էլ իրենց հերթին կարող են նպաստել դիրքորոշումների մոտեցմանը:

Եվրախորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբից Միլան Ցաբրնոխն առաջարկեց փոփոխություն կատարել զեկույցի 9-րդ կետում` «եվրոպական սոցիալական մոդել» արտահայտությունը փոխելով ավելի ընկալելի ու պարզ ձեւակերպումով, հստակություն մտցնել արհմիությունների եւ գործատուների իրավունքների ձեւակերպման մեջ:

Եվրախորհրդարանի կանաչների խմբից Տատյանա Ժդանոկան առաջարկեց քաղաքացիական հասարակության միավորումները սահմանազատել` մասնավորապես կոնկրետացնելով ՀԿ-ների, կրոնական միավորումների եւ ազգային փոքրամասնությունների գործառույթները:

ԱԺ պատգամավոր, Եվրանեսթի ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի առաջին առաջարկը տեխնիկական բնույթ ուներ, որը վերաբերում էր 16-րդ կետում տերմինի ոչ համարժեք թարգմանությանը, իսկ երկրորդ առաջարկը վերաբերում էր համագործակցության խնդրին: Ողջունելով ադրբեջանցի պատգամավորի` առանձին ոլորտային ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկը` նա կարեւորեց համազեկուցողների ներկայացրած փոխըմբռնման ոգին պահպանելու խնդիրը:

«ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ընդունելի համարեց, որ ադրբեջանցի պատգամավորը կարեւորում է փոխվստահությունն ու տարածաշրջանային համագործակցությունը, ինչը մինչ այդ բացակայում էր ցանկացած ձեւաչափով հանդիպումների ժամանակ:

Ի պատասխան հայ գործընկերների` պարոն Գուլիեւն ասաց, որ իրենք կողմ են տարածաշրջանային համագործակցությանը, բայց երկկողմ համագործակցության առումով դժվարություններ շատ կան` կապված ԼՂ հիմնախնդրի հետ, ուստի պետք է քայլ անել այդ հիմնախնդիրը լուծելու համար:

Նաիրա Զոհրաբյանը եւ Արտակ Զաքարյանը ադրբեջանցի գործընկերոջը բացատրեցին, որ այդ խնդիրը Եվրանեսթի իրավասության սահմաններում չէ. դրանով զբաղվում է Մինսկի խումբը: Նրանք հույս հայտնեցին, որ այդ ֆորմատով խաղաղ բանակցությունների միջոցով կկարգավորվի ԼՂ հիմնախնդիրը:

ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հորդորեց ադրբեջանցի գործընկերներին ձեռնպահ մնալ այն խնդիրների հրապարակումից, որոնք այս ձեւաչափով լուծելի չեն: Անդրադառնալով զեկույցին` նա առաջարկեց արեւելյան գործընկերության 6 երկրներում քաղաքացիական հասարակությունների վիճակի մասին ուսումնասիրություններ կատարել, մոնիտորինգ անցկացնել առանձին-առանձին, բայց նույն ձեւաչափով, որպեսզի հասկանալի լինեն ընդհանուր պատկերն ու հետագա անելիքները:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը արձանագրեց, որ 1992-ից մինչեւ 2002 թվականը հարավկովկասյան երեք հանրապետություններում քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցություն է եղել: «Ոչ թե պարզապես փորձի փոխանակություն պետք է անել, ինչպես առաջարկվում է, այլ եղած փորձը հաշվի առնելով` պետք է վերսկսել համագործակցությունը», - ասաց բանախոսը: Նա հավաստիացրեց, որ քաղաքացիական հասարակության հայ ներկայացուցիչները միշտ պատրաստ են մասնակցելու նման ծրագրերի իրականացմանը:

Ադրբեջանցի Ռովշան Ռզաեւի գնահատմամբ` երկու երկրների զարգացման համար էլ կարեւոր է առողջ քաղաքացիական հասարակություն ունենալը, ուստի պետք է փոխըմբռնման եզրեր գտնել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցություն ծավալելու համար:

Մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչ Բորիս Վիերուն ողջունեց կառուցողական երկխոսությունը եւ առաջարկեց հստակեցնել, թե ինչ քաղաքացիական հասարակություն ենք ուզում ունենալ: Այս առումով նա կարեւորեց անդամ երկրներում քաղաքացիական հասարակությունների վիճակի ուսումնասիրությունը, որ հետագա քայլերը լինեն նպատակային ու արդյունավետ:

Հանձնաժողովի նիստը քննարկեց եւ որոշեց առաջարկությունների հաշվառումով նոր զեկույցի ներկայացման վերջնաժամկետ ընդունել մարտի 9-ը: Նիստում նախագահող Արտակ Զաքարյանը խնդրեց մասնակիցներին մինչ այդ ժամկետը ներկայացնել առաջարկներ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100