ՆԱՏՕ-ն գոհ է հայ խաղաղապահներից

19:08 | Փետրվար 13, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:

Զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը 2011 թվականը Դաշինքի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից բավականին արդյունավետ է համարել, ընդգծելով, որ շարունակվել են ակտիվ քաղաքական շփումները, Հայաստանը մեծացրել է իր մասնակցությունն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերին, հաստատվել է 2011-2013թթ. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և ի դեմս նրա՝ ՀՀ զինված ուժերին ու ամբողջ հայ ժողովրդին՝ Աֆղանստանում հայ զինվորների բարձր մակարդակով ծառայության համար, որով, ըստ նրա, հայ ժողովուրդը միանգամայն կարող է հպարտանալ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100