Նալբանդյանն ընդունել է Ապատուրային

15:30 | Փետրվար 13, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:

Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկեցին այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը:

Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Տեղեկությունը փոխանցել է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100