Հանդիպում Մայր Աթոռում

15:00 | Փետրվար 13, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Փետրվարի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ ավստրիացի կաթոլիկ ուսանողների` ուղեկցությամբ հայագետ Յասմին Դունթղագութի:

Յասմին Դունթղագութը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար եւ ներկայացրեց այցելության նպատակը:

Նա մասնավորապես նշեց, որ Ավստրիայի տարբեր քաղաքներից ու համալսարաններից հավաքված և տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողների այս խումբն ամեն տարի այցելում է որևէ մի քրիստոնյա երկիր։ Այս տարի խումբը այցելել է Հայաստան` ծանոթանալու հայկական հարուստ մշակույթին, պատմությանը, եկեղեցուն և առհասարակ հայերի առօրյա կյանքին:

Վեհափառ Հայրապետը ուրախություն հայտնեց ուսանողներին ընդունելու կապակցությամբ` նշելով, որ նրանց այցելությունը հիշեցնում է իր ուսանողության տարիներն Ավստրիայում: Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց երիտասարդներին` մաղթելով, որ Հայաստանի հարուստ հոգևոր մշակույթը նորանոր ներշնչումների աղբյուր դառնա նրանց համար:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100