ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին:
ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավապահ մարմինների կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներին
Ա.Հովսեփյանը կարեւորել է ընտրախախտումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը՝ տեղեկացնելով, որ դատախազությունը սեփական նախաձեռնությամբ պատրաստում է տեսահոլովակ՝ իրազեկելու հանրությանը ընտրախախտումների այն տեսակների մասին, որոնց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
«Դատախազությունը ունի վճռականություն, կամք եւ հետամուտ է լինելու, որ օրենքի ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ընտրական գործընթացը խաթարելուն ուղղված օրինախախտները»,- ասել է Ա.Հովսեփյանը՝ հույս հայտնելով, որ հանրային իրազեկմանն ուղղված տեսահոլովակը կունենա նախականխիչ նշանակություն:
Բացի այդ՝ դատախազությունը ծրագրում է կազմակերպել հանրային քննարկումներ ընտրախախտումների համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության, հաղորդումների ներկայացման, գրանցման եւ դրանց քննարկման ընթացակարգերի վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է Դատախազության մամլո ծառայությունը։

