Երևանի քաղաքաշինական խորհրդի 2012 թվականի առաջին նիստը վարել է Երևանի քաղաքապետ, քաղաքաշինական խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Օրակարգում ընդգրկված միակ հարցը եղել է քաղաքաշինական խորհրդի կառուցվածքի և գործունեության կանոնակարգումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ շահագրգիռ քննարկում է ծավալվել նիստին ներկա ճարտարապետների շրջանում:
«Արդյունքում՝ քաղաքաշինական խորհրդի նիստին ներկա 24 անդամները հավանության են արժանացրել քաղաքաշինական խորհրդի առաջարկվող կառուցվածքը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել հանրության տարբեր շերտերի մասնակցությունը Երևանի քաղաքաշինական խնդիրներին՝ այդպիսով նպաստելով հավասարակշռված և թափանցիկ քաղաքաշինական գործունեության կազմակերպմանը մայրաքաղաքում»,- նշված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության տեքստում։

