Գործադիրը այսօր տեղի ունեցած հերթական նիստում որոշել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին գումար հատկացնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովները համալրելու և համապատասխան նյութերով ապահովելու համար։
Հարցի քննարկման ժամանակ չի նշվել, թե գալիք ընտրությունները պատշաճ կազմակերպելու համար հատկապես որքա՞ն գումար է հատկացվելու ԿԸՀ-ին։
Այլ որոշումներով կառավարությունը գումար է հատկացրել նաեւ ՀՀ արտաքին գործերի, կրթության և գիտության, մշակույթի նախարարություններին, փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած մի քանի որոշումներում, մասնավորապես, նոր խմբագրությամբ է շարադրվել օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի մասին որոշման մեջ ընդգրկված բուհերի ցանկը, մեկ այլ որոշմամբ 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով 480 քառ. մետր տարածք է հանձնվել «Մուշ» զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը։
ՀՀ կառավարությունը փոխել է Կոտայքի մարզի Ջրվեժի և Վայոց ձորի մարզի Արփիի գյուղական, Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքների հողերի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, բժշկական կենտրոնների կառուցման համար։

