ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Օհան Երգայնհարսյանին: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Հյուրերը նախարարին են ներկայացրել իրենց ծրագրերը և ցանկություն հայտնել Հայաստանում առողջապահության նախարարության հովանու ու անմիջական ղեկավարության ներքո նախաձեռնել ծրագիր, որի համաձայն հղի կանայք անվճար կապահովվեն կենսականորեն կարևոր նյութեր պարունակող հաբերով:
Հատկապես ֆոլաթթվի և երկաթի անբավարարությամբ պայմանավորված վերարտադրողական տարիքի կանանց ու երեխաների մոտ կարող են դիտվել սակավարյունություն, թույլ իմունային համակարգ, ծննդյան ցածր քաշ և անհասություն, մայրական ու նորածնային մահացություն, աճի տեմպերի դանդաղում և այլ բարդություններ:
Նախարարը կարևորել է նախաձեռնությունը և հույս հայտնել, որ ծրագրի շրջանակները կընդլայնվեն ու երեխաները ևս կընդգրկվեն: Հարություն Քուշկյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրին աջակցելու, բնակչության շրջանում իրազեկումը բարձրացնելու, գործընթացը վերահսկելու առումով:

