ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 3-ին ընդունեց ՙԵվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք՚ (DEMYC) կազմակերպության 11 երկրներից ժամանած 18 ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը:
DEMYC-ը միավորում է 60 երկրների կուսակցությունների երիտասարդական թեւերը: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը միակն է տարածաշրջանում, որ անդամակցում է (2005 թվականից) ՙԵվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին՚ (բյուրոյի անդամ է):
Հովիկ Աբրահամյանը ողջունելով երիտասարդներին` կարեւորեց նման այցերը, որոնք հնարավորություն կտան ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին:
ՀՀ ԱԺ նախագահը ցանկալի համարեց, որ ընդլայնվեն փոխայցելություններն ու շփումները, երիտասարդներն ավելի ակտիվ մասնակցություն ունենան քաղաքական գործընթացներում:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի ձգտումները եւ ծրագրերը ուղղված են եվրոպական երկրների շարքին ինտեգրվելուն: Այդ գործընթացում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Ազգային ժողովի դերը:
Վերջին տարիներին շատ են ակտիվացել հարաբերությունները եվրոպական կառույցների եւ կուսակցությունների հետ: Իրեն ուղղված հարցին ի պատասխան` ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանում եւս կան երիտասարդ պատգամավորներ, եւ նշեց, որ 2012 թ. հերթական խորհրդարանական ընտրություններում մտադիր են ավելի մեծացնել երիտասարդների թիվը եւ նրանց ներգրավվածությունը եվրոպական կառույցներում:
Խորհրդարանի նախագահը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, կազմը, գործառույթները, ընտրակարգը, կառավարության ձեւավորման կարգը, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին:
ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել: ՙՄենք պատերազմ չենք ուզում, բայց եթե Ադրբեջանի իշխանությունները մեզ պատերազմ պարտադրեն, պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին եւ ԼՂ պետությունը՚,- հայտարարեց ԱԺ նախագահը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ստորագրված արձանագրություններին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաեւ հյուրընկալված երիտասարդների հարցերին: Հանդիպման ավարտին ՙԵվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք՚ կազմակերպության ղեկավար Յանի Յոհանսոնը շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ անկաշկանդ զրուցի համար` իրենց անունից հուշանվեր հանձնելով ՀՀ ԱԺ նախագահին: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման հանդիպումների եւ փոխայցելությունների կազմակերպմանը:

