«Ադրբեջանը բարդացնում է գործընթացը»

16:37 | Սեպտեմբեր 02, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային ատյաններում զանազան փաստաթղթերի եւ որոշումների ընդունմանն ուղղված ջանքերը միմիայն բարդացնում են հակամարտության կարգավորման գործընթացը եւ չեն կարող որեւէ կերպ ազդել մեր դիրքորոշման վրա. այսօր հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Արցախի ժողովուրդն իր որոշումը կայացրել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, այն հաստատել է նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ժամանակ, պաշտպանել Արցախի անկախությունն ու ազատությունը մեզ պարտադրված պատերազմում, եւս մեկ անգամ վերահաստատել իր կամքը 2006 թվականի դեկտեմբերի 10-ին` Սահմանադրության ընդունմամբ», - ասել է Բակո Սահակյանը:

Նա այսօր մասնակցել է Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների եւ Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարերին:

Այնուհետեւ Նախագահը մասնակցել է մայրաքաղաքում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի եւ խաղաղություն խորհրդանշող «Խատուտիկ» հուշարձաններիի բացման հանդիսավոր արարողություններին:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ Նախագահը «Արիության համար» մեդալով պարգեւատրել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ շարքային Ռուդիկ Մանասերյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի լուսաբացին Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ:

Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Մանասերյանը:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100