«Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլոր արցախցիների համար, որովհետեւ յուրաքանչյուրն իր անձնական ավանդն ունի մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Իհարկե, մենք դեռեւս շատ անելիքներ ունենք թե արտաքին քաղաքական եւ թե սոցիալ-տնտեսական դաշտում»,-Արցախի անկախության օրվա առիթով ուղերձում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Սակայն, ըստ նրա, մի բան հստակ է ու անփոփոխ. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հաստատակամ են ու անսասան ազգային նպատակների իրականացման մեջ եւ կանեն հնարավորը Արցախի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի կերտման համար:
«Հայրենիքը միշտ վառ է պահում իր զավակների հիշատակը, ովքեր սեփական կյանքն են զոհաբերել հանուն ազատ ու անկախ Արցախի: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նահատակներին:
Սեպտեմբերի 2-ը տոն է նաեւ մեր հայրենակիցների համար` Հայաստանում եւ Սփյուռքում, ում միացյալ ջանքերով այսօր կանգուն է հայոց հինավուրց Արցախը եւ շարունակում է ծաղկել ու բարգավաճել»,-ասել է Բակո Սահակյանը:

