Շնորհավորական ուղերձ` Մայր Աթոռից

10:35 | Սեպտեմբեր 01, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին:

Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով և շնորհավորում մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին ուսումնական տարվա վերաբացման կապակցությամբ:

Սիրելիներ, ջանադիր աշխատանքի, գիտելիքների ամբարման նոր տարեշրջան է բացվում ձեզ համար, որը պիտի ծառայեցնեք հարստացնելու ձեր իմացությունն ու կարողությունները, կրթվելու ազգային հոգևոր արժեքներով, որոնք գիտելիքների հետ մատուցվում են ձեզ նվիրյալ մանկավարժների կողմից:

Այսօր շարունակ զարգացող աշխարհի մեջ առավել ևս կարևորվում են գիտելիքն ու կրթությունը, որ բոլոր ժամանակներում եղել են լույս մտքի և հոգու ու պայման մարդկային կյանքի առաջընթացի և զորացման: Ուսման մեջ ձեր ձեռքբերումներն այսօր պիտի ծառայեն մեր Հայրենիքի շենացմանը, համայն մեր ժողովրդի բարօրությանը: Ուսանեք սիրով, և Աստված ձեր ջանադրության համար առավել պիտի շնորհազարդի և օրհնի ձեր կյանքի ուղին:

Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ հաջողություններով առատ լինի նոր ուսումնական տարին, և ձեռքբերումներով զարդարվեն սիրեցյալ մեր զավակների ուսումնառությունն ու մանկավարժների գնահատարժան ծառայությունն ազգային մեր կյանքում»:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100