Այսօր ժամը 11:00-ին Սերժ Սարգսյանն իր նստավայրում հյուրընկալում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի հաղթողներին և մի խումբ մրցանակակիրների: Նախագահի հյուրերն են լինելու, մասնավորապես, մրցույթի հաղթողներ Էդգար Մինասյանը (Երևան) և Աբրահամ Գրիգորյանը (գ. Վանաշեն, Արարատի մարզ), հանրապետության յուրաքանչյուր մարզում լավագույն արդյունք ցուցաբերած 11 դպրոցականները, ինչպես նաև Արցախի մասնակիցներից ամենաբարձր միավոր հավաքած աշակերտը:
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:
«Կենգուրուն» արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո` «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով:
Այս տարի գարնանը «Կենգուրուին» մասնակցել է մոտ 40 000 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից: Առաջին անգամ փորձնական մրցույթ է անցկացվել նաև Արցախում:

