Կաթողիկոսն օրհնեց մշակներին

17:42 | Օգոստոս 31, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտելիքի օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Ըստ Ս. Էջմիածնի տեղեկատվական գրասենյակի` դրանով սկիզբ դրվեց մի նոր` կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության:

Զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո եկեղեցականների թափորը Ամենայն Հայոց Հայրապետին` ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ, առաջնորդեց Մայր Տաճար, ուր կատարվեց շուրջ երկու հարյուր մանկավարժների օրհնության կարգ:

Արարողությանը նաև ներկա էին ներկայացուցիչներ ԱԺ կրթության մշտական հանձնախմբից, ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակիցները, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները, ՀՀ քոլեջների և ուսումնարանների տնօրենները, Երևանի և մարզերի դպրոցների ու մանկապարտեզների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի կրթական հաստատությունների` Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի, ՙԷօրնեկյան՚ հանրակրթական դպրոցի տեսչության անդամները:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր պատգամն ուղղեց ներկաներին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100