«Լավ կլինի, որ այս հարցը Ալիեւին տաք, որովհետեւ ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականության համար պատասխանատու լինել: Ես առավելագույնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի եւ, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատվածների կողմից իրականացվող քաղաքականության համար: Մյուս կողմից, ես զարմանում եմ, որ Դուք զարմանում եք Ադրբեջանի գործողությունների, քայլերի առիթով եւ մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում եք: Միգուցե, պետք է անհանգստանալ, բայց այդ անհանգստությունը որեւէ ազդեցություն չպետք է ունենա ձեր գործունեության վրա: »,- սա մի հատված է Սերժ Սարգսյանի պատասխանից' Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի ուսուցչի հարցին:
Ուսուցիչը հետաքրքրվել էր « Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձեւեր առաջ քաշել' դրանով իսկ փակելով միջազգային հանրության աչքերը: Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տվյալ կուրսը եւ չեն հասկանո՞ւմ, վերջապես, որ սա այլ Հանրապետություն է, եւ նրանց հետ ոչ մի կապ չունի»:
Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելիք բանաձեւին (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), Սարգսյանն ասել է, որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում:
«Այդ բանաձեւին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերեւս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձեւին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձեւերի ընդունումը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա,-ասել է նա,-
Սա` մի հանգամանք, եւ երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, եւ այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից եւս քայլեր կլինեն, եւ այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին»:
Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի այլ պաշտոնատար անձանց եւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Նախագահ Սարգսյանը, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, ծանոթացել է կրթության եւ գեղարվեստական դաստիարակության համար հիշյալ հաստատություններում ստեղծված պայմաններին:

