Հայաստանը կհամագործակցի Սերբիայի հետ

15:52 | Հուլիս 29, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանը կհամագործակցի Սերբիայի հետ

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։


Գումար «Գլենդել Հիլզ»-ին

Լրացում և փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում, կառավարությունը պահուստային ֆոնդից աղետի գոտուն տրամադրած 60,500.0 հազար նախատեսված գումարից 7,220.0 հազար դրամը հատկացրել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Սպիտակ և Գյումրի քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) կառուցապատման համար հատկացված հողամասերի ձեռքբերմանը։


Նոր կարգ

Կառավարությունը սահմանել է հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողության հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստը արձանագրելու կարգը։ Որոշմամբ կանոնակարգվել են այն հնարավոր դեպքերը, որոնք հիմք ընդունելով հարկային պարտավորությունների հաշվարկման վաղեմության ժամկետի հաշվարկը կկասեցվի, ինչը հարկային մարմնին հնարավորություն կտա նշված հիմքերը վերանալու դեպքում օրենքով սահմանված կարգով հաշվարկել հարկային պարտավորությունը։

Կհամալրվի արխիվը

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից արխիվապահոցների վերակառուցման նպատակով «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացրել է 79309.0 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է սույն որոշումը և նշել, որ դրա իրականացմամբ առաջիկա առնվազն 10 տարվա համար կլուծվի արխիվի համալրման հիմնախնդիրը։

Խորթերը կհամարվեն ժառանգ


Նիստում քննության է առնվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգներ համարել ինչպես հարազատ, այնպես էլ համահայր և համամայր եղբայրներին ու քույրերին։ Կառավարությունն այս նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։
Վերը նշված օրինագծերն ու կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ազգային Ժողով։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100