ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Իտալիայի Տոսկանա նահանգի «Ռոնդինե` խաղաղության ամրոց» ասոցիացիայի ղեկավար Ֆրանկո Վակարիի ղեկավարած պատվիրակության անդամներին, ովքեր Երեւանում են գտնվում տարածաշրջանային այցով` առկա հակամարտություների խաղաղ կարգավորմանն աջակցելու առաքելությամբ:
Հանդիպման ընթացքում Ֆրանկո Վակարին նշեց, որ իրենք աշխարհի տարբեր մասերում հակամարտության մասնակից բոլոր կողմերից ուսանողներ են հրավիրում Իտալիայի Տոսկանայի նահանգ ուսումը շարունակելու նպատակով: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց սեպտեմբերից Հայաստանից առաջին ուսանողի եւ հաջորդ տարի մեկ ուսանող նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ասոցիացիայի կողմից Իտալիա հրավիրելու կապակցությամբ:
Կարինե Ղազինյանն ընդգծեց խաղաղության կարեւորությունը ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաեւ ներկայացրեց ԼՂ հակամարտության հետ կապված մանրամասներ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցություն հաստատել Հայաստանի Վայք եւ Իտալիայի Արեցցո քաղաքների միջեւ:
Կազմակերպությունն անցյալ տարի մայիսին Արեցցոյում կայացած միջազգային համաժողովին ընդունել էր 14 կետանոց հռչակագիր, որն էլ պաշտոնապես հանձնվեց ՀՀ ԱԳ փոխնախարարին հանդիպման ավարտին:
Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպեցին նաեւ Վայքի քաղաքապետի հետ, քննարկումներ ունեցան ՀՀ Սփյուռքի եւ Կրթության ու գիտության նախարարություններում:

