Հուլիսի 25-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Շահումյանի շրջան: Քարվաճառ շրջկենտրոնում նա ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին: Այնուհետեւ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:
Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է մշակել Քարվաճառ շրջկենտրոնում բնակարանաշինության նոր ծրագիր, որը դրական լիցք կհաղորդի քաղաքի զարգացմանը: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք կլինեն իր անմիջական վերահսկողության ներքո:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մեծ եւ Փոքր Ալ լճերի ավազանը եւ ծանոթացել այնտեղ նախատեսվող մի շարք ծրագրերի նախագծերին:
Այնուհետեւ Ծար գյուղում Բակո Սահակյանը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո այցելել այնտեղ գտնվող հանրապետական տոհմային կայան: Նախագահը նշել է, որ Շահումյանի շրջանի զարգացումը հանրապետության համար ունի ռազմավարական կարեւորագույն նշանակություն: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է գյուղատնտեսության, հատկապես՝ անասնապահության զարգացումը, որի համար շրջանում առկա է հսկայական ներուժ:
Այցելությունների ժամանակ Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

