Նախարարը նկատողություն է ստացել

15:53 | Մարտ 04, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր նկատողություն է արել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար

Վարչապետի համար հիմք է հանդիսացել Վերահսկիչ պալատի բացահայտումները:
Վերջինս կառավարության ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ձեռք են բերվում հակադաբաղային պատվաստանյութեր, որոնք գրեթե երկու անգամ գերազանցում են բացթողնման գները։

«Վարչապետի վերահսկողական ծառայությունը կատարել է մանրակրկիտ ուսումնասիրություն եւ պարզել, որ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Գեւորգ Թովմասյանը, որը 2010թթ. համար պատասխանատու էր գնումները պատշաճ կազմակերպելու համար, չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի այս իրավիճակը շտկվի, ավելին, մրցույթի պայմանները այնպես են կազմված եղել, որ ի սկզբանե հայտնի էր, որ Հայաստանում կա միայն մեկ ընկերություն, որը կարող է հաղթել այդ մրցույթում։ Իսկ գները բոլոր հաշվարկներով առնվազն 50 տոկոսով կարելի էր նվազեցնել, որովհետեւ պետք է կատարվի նաեւ ինքնարժեքի թվաբանական ուսումնասիրություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Կառավարության նիստում վարչապետը նաեւ նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում այնպիսի միջոցներ պետք է ձեռնարկել, որ ապահովեն ոլորտի առնվազն 5 տոկոս տնտեսական աճ։

Կստեղծվի տեսչություն

Կառավարությունը ստեղծել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն, հաստատվել դրա կանոնադրությունը եւ կառուցվածքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա առաջին քայլն է Հայաստանում աուդիտորական ծառայություն ստեղծելու ճանապարհին։

Հավանություն է տվել

Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության եւ Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջեւ ավելի վաղ ստորագրված «Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» վարկային համաձայնագրում միջոցների վերաբաշխում կատարելու առաջարկությանը։

Share |
Արխիվ
Rambler's Top100