Հատելու են, նորը տնկեն

11:36 | Մարտ 04, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` սանիտարական ծառահատումներին և էտման աշխատանքներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված և միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով:

Հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանական ծրագրերի պատասխանատուներ, ՀՀ բնապահպանության նախարարության և «Օրհուս» տեղեկատվական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, Երևանի պետական համալսարանի ու Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ, դոցենտներ:

Ըստ քաղաքապետարանի մամլո հաղորդագրության` հանձնաժողովն ամբողջությամբ ուսումնասիրել է Զաքյան և Խորենացի փողոցներում, ինչպես նաև Մյասնիկյան և Իսակովի պողոտաներում տեղակայված ծառերի վիճակը:

«Խորենացի և Զաքյան փողոցների ծառերը, որոնք հիմնականում թխկի հացենատերև ծառատեսակներ են, տնկվել են դեռևս 1950-1955 թվականներին:

Մասնագիտական եզրակացության համաձայն` ներկայումս այդ ծառատեսակների բնամասերը լիովին քայքայված են, առաջացել են խոր փչակներ և զգալի ճաքեր, որոնք էլ թուլացրել են այդ ծառերի արմատային համակարգը:

Թխկիների առավելագույն կենսունակությունը 45-50 տարի է, սակայն այսօր դրանք գերազանցում են 50 տարին: Նման ծառերն այսօր պոտենցիալ վտանգ են ներկայացնում ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ մարդկանց կյանքի առումով: Դրանից խուսափելու նպատակով մասնագիտական խմբի եզրահանգման համաձայն որոշում է կայացվել վթարային վիճակում գտնվող այս ծառատեսակները 2010 թ.-ի ընթացքում հատել և դրանց տեղում նոր տնկիներ տեղադրել:

Մյասնիկյան և Իսակովի պողոտաներում խնդիրն առկա է հիմնականում սև բարդի ծառատեսակների մոտ: 1955-1960 թվականներին տնկված այս ծառերը նույնպես, համաձայն մասնագիտական խմբի եզրահանգման, երիտասարդացման կարիք ունեն:

Դիտարկումները ցույց են տվել, որ սև բարդիները հիմնականում գերաճ են տվել, դրանց արմատային համակարգը մակերեսային է, ինչի արդյունքում էլ քամու հետևանքով այս ծառերը հաճախ են տապալվում` առաջացնելով վթարային իրավիճակ: Այս ծառերի երիտասարդացումը թույլ կտա ապահովել դրանց անվտանգությունը և կբարձրացնի ծառերի կենսունակությունը»,-ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկանքում:

Ծրագրի իրականացման արդյունքում 2010թ.-ին ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կերիտասարդացվի 70, նորերով կփոխարինվի 90 ծառ:

Share |
Արխիվ
Rambler's Top100