Հայաստանում է Համայն Ռուսիո Պատրիարքը

19:30 | Մարտ 16, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը:

Օդանավակայանում Ռուսաց պատրիարքին դիմավորեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Կիրիլ Պատրիարքին դիմավորելու էին եկել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենիստանի, Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանները:

Օդանավակայանից երկու Հայրապետներն իրենց շքախմբերի ուղեկցությամբ մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Նրանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Տրդատի կամարի մոտ, դիմավորեց Մայր Աթոռի միաբաններից, թեմակալ առաջնորդներից, ռուս հոգևորականներից և ճեմարանականներից կազմված խաչվառազարդ թափորը: Խունկի օրհնությունից հետո, Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո երկու հովվապետերը, օրհնելով խուռներամ ժողովրդին, "Հրաշափառ" շարականի հանդիսավոր երգեցողությամբ առաջնորդվեցին Միածնաէջ Մայր Տաճար:

Իջման Սուրբ Սեղանի առջև երկու գահակալները խոնարհվեցին` համբուրելով Աստվածընկալ Ս. խաչը և Ավետարանը, որից հետո սկսվեց բարիգալստյան արարողությունը:

Հայաստան Կիրիլ Պատրիարքի այցի առիթով Մայր Տաճար էր բերվել Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի շնորհաբաշխ Աջը:

Իր խոսքում Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն հայտնեց եղբայրական ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով քրիստոնեական հավատքի կաևորությանը հայ ժողովրդի կյանքում` Կիրիլ Պատրիարքը հիշատակեց Հայ Եկեղեցու մեծագույն սրբերին` Սբ. Գրիգոր Լուսավորչին ու Հռիփսիմյանց կույսերին, որոնք հավատքի սերմեր ցանեցին Հայաստանի օրհնյալ հողում:

Արարողության ավարտին Հայրապետները Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնություն բաշխեցին հավատացյալ ժողովրդին և ապա եկեղեցական թափորով ուղղվեցին դեպի Վեհարան:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100