ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք:
ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության գործընթացում, նշելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ հետ, եւ ընդգծեց կազմակերպության աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի հարցը լուծվի, Ժոաո Սոարեշը ասաց, որ այդ հարցում բավական խիզախություն է պահանջվում, եւ պահն է, որ լուծումներ գտնվեն:
ԱԺ նախագահի համոզմամբ` ԼՂ հարցը պիտի լուծվի խաղաղ, բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
«Մեզ համար ամենակարեւորը ԼՂ կարգավիճակն ու ԼՂ ժողովրդի անվտանգությունն են»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է, եւ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև ողջ տարածաշրջանի համար:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, իսկ այդ երկիրը ստորագրված արձանագրությունների վավերացումը կապում է ԼՂ հիմնահարցի հետ, մինչդեռ դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ:
«Մենք արձանագրությունները կվավերացնենք այն ժամանակ, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

