«Սեւան» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրվում է դատապարտյալների համար թմրամիջոցներ ձեռք բերելու եւ փոխադրելու մեջ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության է եկել դատապարտյալների հետ եւ պատրաստակամություն հայտնել իրացնելու նպատակով հիմնարկից դուրս ձեռք բերել թմրամիջոցներ:
Մասնավորապես` ըստ նախաքննության տվյաների` նույն հիմնարկի դատապարտյալներ Հայկ Վարդանյանը եւ Աբրահամ Քեշիշօղլյանը Ա. Առաքելյանին առաջարկել են 10 000 դրամ վարձավճարի դիմաց ձեռք բերել թմրամիջոցներ, փոխադրել ՔԿՀ-ի տարածք եւ իրացրել իրենց:
Ա. Առաքելյանը համաձայնել է եւ իր բջջային հեռախոսահամարը հայտնել դատապարտյալներին, որպեսզի իր հետ կապվեն թմրամիջոց փոխանցող անձինք եւ պայմանավորվեն հանդիպման վայրի եւ ժամի վերաբերյալ:
2009թ. դեկտեմբերի 14-ին, ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները Ա. Առաքելյանն իրացնելու նպատակով փորձել է փոխադրել «Սեւան» ՔԿՀ-ի տարածք:
Սակայն քրեակատարողական վարչության օպերատիվ հետախուզական բաժնի աշխատակիցները նրա մոտից հայտնաբերել եւ առգրավել են հիշյալ թմրամիջոցների ողջ ծավալը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ, 3-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատապարտյալներ Հ. Վարդանյանին եւ Ա. Քեշիշօղլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ֆ. Համզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 266-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Ա. Վարդանյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին` ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ հայտարարվել է հետախուզում:
Հայտնում են Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:

