Պետական գործիչն` ըստ վարչապետի

20:07 | Փետրվար 09, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այսօր Թեքեյան մշակութային միության դահլիճում տեղի է ունեցել ՙՎահան Թեքեյան՚ ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՙՎահան Թեքեյան՚ միության որոշմամբ վարչապետին շնորհվել է ադամանդակուռ ՙԱրարատ՚ մրցանակ` հայ մշակույթի եւ գիտության զարգացմանը մեծ ուշադրություն եւ օժանդակություն տրամադրելու համար: Իսկ ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միությունը Տիգրան Սարգսյանին է շնորհել ՙՀովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ՚ կոչումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր շնորհակալական խոսքում ամփոփել է նշանակալի օրը` ի մի բերելով նաեւ Վահան Տերյանի 125-ամյակը, որ լրանում է այսօր, ինչպես նաեւ խոսել է պետական գործչի ցանկալի կերպարի մասին:

«Իմ կարծիքով անհրաժեշտ է եռամիություն ցանկացած պետական գործչի առումով: Նա պետք է լինի անպայման ազգային մտածողություն ունեցող, գիտակցի այն առաքելությունը, որ դրված է մեր ժողովրդի վրա եւ ցանկացած պետական գործիչ ստանձնելով պաշտոն, կայացնելով որոշումներ, անպայման իր մեջ պետք է կրի այդ առաքելությունը: Երկրորդը` մշակույթը, որովհետեւ առանց մշակույթի հնարավոր չէ պատկերացնել կրթված, բանիմաց մարդու: Շատ տարօրինակ է, բայց մենք այսօր պետք է ապացուցենք, որ պետական, քաղաքական գործիչը պետք է լինի կրթված, չպետք է լինի բռի, տգետ, անգրագետ, պետք է լինի հոգեւոր արժեքներով ապրող մարդ: Եվ կարծես թե այս աքսիոմը դեռեւս բոլորի համար աքսիոմ չէ, մարդկանց շատ փոքր խումբ է, որ ոչ միայն ընդունում է այս թեզը, այլեւ ապրում դրանով: Իսկ եթե մարդ ապրում է այդպիսի կյանքով, ապա դա թաքցնել հնարավոր չէ: Քաղաքական գործչի եւս մեկ կարեւոր հատկանիշը հավատքն է: Շատ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր չեն հավատում իրենց գործին, իրենց առաքելությանը եւ ի սկզբանե չեն հավատում Աստծուն»,- ասել է նա:

Արխիվ
Rambler's Top100