ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը
մերժել է «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը` դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար Հանձնաժողովի որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Այդ որոշմամբ դեղորայքի շուկայում գործող 7 ընկերություն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հակամրցակցային համաձայնության գալով, չհիմնավորված (միաժամանակյա, որոշակի ժամանակահատվածում) բարձրացրել են դեղորայքի իրացման գները` սահմանափակելով մրցակցությունը և չունենալով դրա համար տնտեսական որևէ հիմնավոր գործոն:
Մասնակից ընկերություններն, ըստ օրենքի, տուգանվել են յուրաքանչյուրն իր շրջանառության 2 տոկոսի չափով: Տուգանքի չափն ընդհանուր առմամբ (յոթ ընկերության համար) կազմել է ավելի քան 450 միլիոն դրամ: Վարչական բողոքում նշված փաստարկները Հանձնաժողովը ոչ հիմնավոր է համարել` տուգանքի մասին որոշումը թողնելով ուժի մեջ:
«Ֆայնը» կարող է մասնակցել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր
քննարկել է համակարգչային տեխնիկայի շուկայում գործող «Ֆայն» ընկերության դիմումը:
Ըստ դրա` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրականացվող «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին (նաև պիլոտային մասին) մասնակցելու համար ընկերությունը մի քանի անգամ դիմել է, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Դիմելով Հանձնաժողովին` «Ֆայն» ընկերությունը խնդրել է հարուցել վարույթ և ուսումնասիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրենց ընկերության նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու մասին հարցը: Հարուցված վարչական վարույթի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» Հանձնաժողովի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ծրագրին կարող են միանալ բոլոր վաճառակետերը, որոնք համապատասխանում են որոշակի չափորոշիչների:
Ավելի ուշ, «Ֆայն» ընկերությունը դիմել է Հանձնաժողով, խնդրելով կարճել վարչական վարույթը և հայտնելով, որ ընկերության Երևանի խանութն ընդգրկվել է ծրագրի պիլոտային փուլում:
Քանի որ ընկերության բարձրացրած խնդիրը կարգավորվել է, Հանձնաժողովն այսօր կարճել է վարույթը:
Տեղեկացնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

