Սարգսյանը կհանդիպի Արքայազն Չարլզին

13:42 | Փետրվար 08, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Հայաստանի Հանրապետության Նախագահը լոնդոնյան իր կեցավայրում կընդունի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին, հանդիպում կունենա Արքայազն Չարլզի հետ:

Հայաստանի Հանրապետության Նախագահը Վինձորյան պալատում ներկա կգտնվի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված ՙԵրեւան` իմ սեր՚ նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը եւ համերգին (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում): Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ նախագծի մեկնարկի կապակցությամբ տարբեր երկրներից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի երկրորդ օրը` փետրվարի 10-ին, նախատեսված է Նախագահ Սարգսյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում: Իր ելույթում Հայաստանի Հարապետության ղեկավարը կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացին:

Սարգսյանը Լոնդոնի ՙԹեյթ՚ ժամանակակից արվեստների թանգարանում ներկա գտնվի ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին ու ստեղծագործական հարուստ ժառանգությանը նվիրված ցուցահանդեսին բացմանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահը Լոնդոնում հարցազրույց կտա նաեւ ՙԱլ Ջազերա՚ հեռուստատեսությանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100